կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-15 05:25
Հասարակություն

Բնակֆոնդի կառավարման նոր մոդել

Բնակֆոնդի կառավարման նոր մոդել

Այսօր բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման եւ սպասարկման ռազմավարական ծրագրի հիմնական մոտեցումները ձեւակերպելու եւ հստակեցնելու նպատակով, քաղաքապետարանում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին համատիրությունների նախագահներ, ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների եւ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայցուցիչներ։ Քննարկումը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ ներկայացրեց վերոնշյալ հարցի մասով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մոտեցումը, համաձայն որի պետք է պետականորեն աջակցել եւ խրախուսել համեմատաբար արդյունավետ աշխատող համատիրություններին՝ միաժամանակ բարեփոխելով շենքների կառավարման գոյություն ունեցող համակարգը։

 

Նշվեց, որ կառավարության նախաձեռնած հնգամյա ռազմավարական ծրագրով նախատեսվում է շենքերի կառավարման նոր մոդելի ձեւավորում: Ըստ  այդմ, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր շենքում սեփականատերերի ժողովը կընտրի կառավարիչ, ով կունենա առեւտրային գործունեությամբ զբաղվելու իրավասություն: Վերջինը պարտավոր է հոգ տանել շենքի նորոգման եւ սպասարկման համար, իսկ այդ նպատակով օգտագործվելիք միջոցները կգոյանան ինչպես վարձավճարների հավաքագրումից, այնպես էլ բազմահարկ շենքի ընդհանուր բաժնային սեփականության արդյունավետ բիզնես կառավարումից։ Փոխքաղաքապետը հավելեց, որ Բնակֆոնդի կառավարման նոր մոդելի ներդրումը ենթադրելու է օրենսդրական փոփոխություններ եւ որ ներկայացվող ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ հիմնված մեր երկրում կատարված ուսումնասիրությունների եւ Արեւելյան Եվրոպայի երկրների փորձի վրա։

 

Կամո Արեյանը նաեւ ընդգծեց, որ թեեւ  բնակֆոնդի պահպանումն ու վերանորոգումը բնակարանների սեփականատերերի պարտականությունն է, այնուամենայնիվ առաջարկվող ծրագրով  նախատեսվում է նաեւ պետական աջակցություն, որոնք կլինեն նպատակային լրավճարների  տեսքով։ Ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի արդեն այս տարվանից, ընդ որում արդեն իսկ նախատեսված են 2011-2012–ին  միանվագ պետական  ֆինանսավորմամբ շենքերի ենթակառուցվածքների վերականգնման միջոցառումներ։ Պետական սուբսիդավորման մեխանիզմը կներդրվի 2014-ից։ Համաձայն ծրագրի, նախատեսվում է ներդնել նաեւ բնակարանային նպաստի ծրագիրը, որը կհատկացվի սոցիալապես անապահով խավերին:

 

Համատիրությունների նախագահները ծրագրի վերեբերյալ ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնց մասով փոխքաղաքապետը տվեց պարզաբանումներ։ Քննարկման արդյունքներն ամփոփելով, Կամո Արեյանը համատիրությունների նախագահներին ու հասարակական կազմակերպություններին հորդորեց լինել ակտիվ եւ գրավոր առաջարկություններ ներկայացնել հարցի վերաբերյալ։ Վերջնական շտկումներից հետո,  Բնակելի ֆոնդի կառավարման ռազմավարական ծրագիրը  կներկայացվի կառավարության հաստատմանը։

 

Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: