կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-05 14:20
Քաղաքական

Ընտանեկան բժշկի այցերի նոր մոդել կներդրվի. նախարար

Ընտանեկան բժշկի այցերի նոր մոդել կներդրվի. նախարար

ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ պետպատվերների խնդիրը ինչպե՞ս են մտադիր լուծել` հաշվի առնելով, որ, պետպատվերը ձեռքին, քաղաքացիները գնում են հիվանդանոց, սակայն պարզվում է, որ բուժման լիմիտը սպառված է:

Նախարարի խոսքով՝ պետպատվերի խնդրում շատ հավանական է, որ հիվանդը իսկապես դիմում է այն հիվանդանոցը, որի լիմիտը սպառված է: Միաժամանակ նա նշեց, որ կա մի մակարդակ, երբ միջոցները վերջացած չեն լինում, բայց ասում են՝ վերջացել է:

Կոնջորյանը նաև ասաց, որ մարզերում շտապօգնության մեքենաների թվաքանակը շատ քիչ է, և մեկ քաղաքը հարակից գյուղերի հետ կարող է սպասարկել մեկ-երկու մեքենա, ապա հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվում այս ուղղությամբ:

Թորոսյանի խոսքով՝ շտապօգնության նոր մեքենաներ են ստանալու Չինաստանից, որը մեր պահանջարկը բավարարելու է, ու դեռ ռեզերվում մեքենա է մնալու: «Մտածում ենք տնային այցերի համար գյուղերին տալ: Մի մոդել կա, որը ուզում ենք ներդնել` երեկոյան ընտանեկան բժշկի այցեր: Ճնշման, ջերմության դեպքում կկանչեն, շտապօգնությանը կօգնի, նաև կյանքեր կփրկվեն»,- ասաց նա:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց սեռով պայմանավորված աբորտների տենդենցից: Նախարարն էլ պատասխանեց, որ այս հարցում կա բարելավում, և շարունակելու են նույն քաղաքականությունը վարել: «Պետք է հասկանանք, որ եթե բնականորեն ընդհատում չլինի, տղաներն ավելի շատ են ծնվում, հետո 30-40 տարեկանում հավասարվում է թիվը, որովհետև տղամարդկանց մահացությունն ավելի բարձր է»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ սեռը չհայտնելու պրակտիկան արդեն կա: «Շատ երկրներում ընդունված է, որ սեռը չեն հայտնում, բայց եթե կոռուպցիոն ձևերով իմանան ու ընդհատեն, սկսած կրթականից` կանանց պետք է արժևորենք, որ հասկանան՝ իրենք մեր ապագա մայրերն են, չի կարելի որևէ խտրականություն դնել սեռերի միջև»,- ասաց նա: