Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իջեւանի N զորամասի անցագրային կետում 2010-ի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով գանգուղեղային վնասվածք ստացած Տարոն Ենգիբարյանը երեկ ժամը 24-ի սահմաններում մահացել է: 21-ամյա տղան մոտ մեկ շաբաթ անգիտակից վիճակում գտնվելիս է եղել Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի եւ Գետահովիտ գյուղից մի քանի երիտասարդի միջեւ վիճաբանություն է եղել: Տղաները «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնալիս են եղել բանակում ծառայող իրենց ընկերոջը տեսնելու:
Անցագրային կետի մոտ նրանց տեսել է հրամանատարը, սկսել է հայհոյել եւ հրամայել` լքել զորմասի տարածքը: Տղաներից մեկը պատասխանել է հայհոյանքին: Դրանից հետո հրամանատարը հանձնարարել է բռնել տղաներին եւ տանել զորամասի վարչական շենքի աշխատասենյակ, որտեղ էլ նրանց դաժանորեն ծեծել են:
Ինչպես «Երկիր»-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, նախարար Սեյրան Օհանյանի հունվարի 10-ի հրամանագրով Սերգեյ Կարապետյանը եւ զորամասի հրամանատարականի կազմի եւս երկու սպա ազատվել են իրենց պաշտոնից:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով: Սակայն Սերգեյ Կարապետյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել դեռեւս, եւ նա ձերբակալված չէ: