կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 11:30
Իրավական

Նախկին պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար

Նախկին պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար

Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քաղաքացի Օսեբ Մարկարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում որպես կասկածյալ ձերբակալված Մ.Պետրոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։

 

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւանի բնակիչ Մ.Պետրոսյանը 2015 թվականի փետրվարի 6-ին գնացել է Պռոշյան 2/1 շենքի նկուղային հարկում գտնվող, Օսեբ Մարկարյանին պատկանող գրասենյակ։ Վերջինիս հետ ունեցած պարտքուպահանջի հարցի շուրջ գրասենյակում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, գոտկատեղից հանելով ապօրինաբար իր մոտ կրվող, հրազեն հանդիսացող «ԻԺ-71» մոդելի «ՎԱՐ-7526» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակը՝ Մ.Պետրոսյանը կրակել է Օ.Մարկարյանի ուղղությամբ։

 

Վերջինս ստացել է մարմնական վնասվածք, սակայն, ըստ քննության տվյալների, Մ.Պետրոսյանը չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. գրասենյակում ներկա գտնվողները վնասազերծել են նրան: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մ.Պետրոսյանին փետրվարի 9-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ Մհեր Պետրոսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է: