Նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում նշել էր, որ թիկնազորային պաշտպանության ոլորտում օրենսդիրը անելիքներ ունի: Նախագահը շեշտել էր` թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքում, օրենքով սահմանված չափի ու ձեւի մեջ: Օրենքի նման նախագիծ շրջանառության մեջ դնելու առաջարկով արդեն մի քանի տարի է հանդես է գալիս ՀՅԴ-ն: Օրենքի համահեղինակ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգույթան եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասում է, որ արդեն 4-5 տարի օրենքի նախագիծը շրջանառության մեջ է, սակայն կառավարությունն անընդհատ մերժում է այն: Թիկնազորային պաշտպանության մասին օրենքի այս նախագիծը երկու անգամ անցել է խորհրդարանական լսումներ, արժանացել է ԵԱՀԿ գրասենյակի դրական եզրակացությանը: Վերջինիս փոխանցմամբ, նախագծի քննարկումը այժմ հետաձգված է`կառավարության կողմից եւս մեկ անգամ ուսումնասիրվելու պատճառաբանությամբ: ԱԺ պատգամավոր Հր. Կարապետյանը հույս ունի, որ գոնե նախագահի ելույթից հետո կառավարությունը հավանութուն կտա ՀՅԴ առաջարկած օրենքի նախագծին: