Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը բավական ակտիվ էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քննարկումների ժամանակ: Նախքան օրինագիծը քվեարկության դնելը` նա հասցրեց մի քանի անգամ ելույթ ունենալ:
Սարգսյանը հիմնականում անդրադարձավ ԲՀԿ-ի կողմից հնչեցված հարցերին։ Դիտարկմանը, թե իրանական ցեմենտն էժան է, նա արձագանքեց. «Անուղղակի ստացվում է, որ Իրանը սուբսիդավորում է ՀՀ շինարարությունը: Բայց դա հավերժ չի կարող շարունակվել, մենք այն ճանապարհով ենք գնում, որ տեղի արտադրողներին ձեռք մեկնենք ու հնարավորություն տանք պայքարելու ներկրվող ցեմենտի դեմ: Ասում են, որ տեղական արտադրողներն ամսական 3 մլն դոլարի գազ են օգտագործում, և դա ներկայացվում է որպես պետությանը վճարվող օգուտ։ Ուզում եմ արձանագրել, որ դրանից պետությունը գրեթե չի շահում, շահում է գազ վաճառող ընկերությունն ու գազ վաճառող պետությունը»,- ասաց նա։
Հայկ Սարգսյանի պատասխանին տեղից արձագանքում էր ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը։ «Իմքայլական» պատգամավորը սաստեց ԲՀԿ-ականին. «Արթո'ւր ջան, մի' միջամտեք, Ձեր ելույթի ժամանակ կարող եք ասել, թույլ տվեք խոսեմ»:
Անդրադառնալով ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանի այն պնդմանը, թե 200 000 աշխատող իրենց են նայում, և այս որոշմամբ այդ մարդկանց հացից կտրում են, նա նշեց` դա երեսով տալու նման է դառնում: «Բոլորս գնահատում ենք այդ ջանքերը, որ գործարանը 3 ամիս է` աշխատում, բայց 12 ամիս վճարում են, դա դառնում է սոցիալական օգնություն այդ մարդկանց համար, բայց պետք չի պատեհ-անպատեհ ասել»,- ասաց Սարգսյանը:
Նրա այս խոսքին ԲՀԿ-ականները կրկին արձագանքեցին տեղից: Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին, նա ևս մեկ անգամ հորդորեց` մի՛ միջամտեք:
«Ընդհանրապես, այս գործելաոճին, քանի պարոն Ծառուկյանն էլ այստեղ է, այդտեղից խոսելու ավանդույթինը, այդ «շմայսական գործելաոճին» պետք է վերջ տանք: Պետք է օրենքի տառին համապատասխան պահեք, ինչպես մենք։ Մենք էլ Շմայսի նման կարանք տեղից գոռանք, արձագանքենք, եթե դուք 10, 20, 30 hոգանոց եք, մենք էլ 88 ենք, բայց որոշել ենք այդ ճանապարհով չգնալ։ Պարոն Ծառուկյանը շատ եղբայրաբար մոտեցավ մեր պահանջներին, մենք էլ` իր: Ուզում եմ անդրադառնալ նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե շահերի բախում կա խմբակցություններում։ Պարո՛ն Մարուքյան, կարո՞ղ է մեր խմբակցությունից մարդ կա, որ ցեմենտի գործարան ունի, բայց չեք ասում, որ չուրախանանք»,- նշեց Հայկ Սարգսյանը: