կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-24 18:29
Առանց Կատեգորիա

Եթե Վոլոդյան թիկնապահ լիներ...

Եթե Վոլոդյան թիկնապահ լիներ...

Ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իբրև խափանման միջոց ընտրվեց կալանքը: Դատարանը, մերժելով գրավի դիմաց նրան առժամանակ ազատ արձակելու միջնորդությունը, համարեց, որ ազատամարտիկների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման պահանջով արդեն ամիսներ շարունակ հրապարակային պայքարի ելած Ավետիսյանը այն աստիճանի վտանգավոր հանցագործ է, որ ազատության մեջ գտնվելը նրան հակացուցված է, և որ կարող է ազդել նախաքննության բնականոն ընթացքի վրա:

 

Նախաքննական մարմինը Ավետիսյանին մեղադրում է խոշոր չափերով խարդախություն կատարելու և ոմն Հ. Զաքարյանից նրա թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու մեջ: Սակայն, չնայած առաջադրված մեղադրանքին, ՊՆ քննչական ծառայությունը մինչև հիմա այլ հիմնավորող փաստեր հասարակությանը չի ներկայացրել: Եթե նկատի առնենք, որ գործում ընդամենը մեկ անձի` ոմն Զաքարյանի անուն է կոնկրետ հիշատակվում, ապա պետք է ենթադրել, որ գործը հարուցվել է հենց այս անձի տված ցուցմունքների «շնորհիվ»: Եվ քանի դեռ նման ապացույցներ նախաքննությունը չի հրապարակել, սա համարվելու է միայն վկայի ցուցմունքների վրա կարվող հերթական գործը: Իսկ դրանցից, ինչպես հայտնի է, ամեն ինչի հոտ գալիս է, միայն ոչ իրավաբանության:

 

Որքան էլ դժվար է ապացույցներ գտնելը` հիմնավորելու համար, որ մարդը գումար է վերցրել հատկապես այդ նպատակով, նախաքննությունը դա պարտավոր է անել` այս գործը վերջնականապես հերթական քաղաքական ֆարսը չդարձնելու համար: Այս իմաստով, որքան էլ առաջին հայացքից կասկածելի թվա, Վոլոդյա Ավետիսյանի և նրա փաստաբանի կողմից պահպանվող հետևողական լռությունը նման իրավիճակում թերևս ամենաճիշտ մարտավարությունն է. ի վերջո, ոչ թե նա է պարտավոր ապացուցել իր անմեղությունը, այլ մեղադրող կողմն է պարտավոր հիմնավորել մեղադրանքը:

 

Սակայն սա խնդրի միայն իրավական կողմն է: Որքան էլ անհեթեթություն թվա, բայց, ըստ մեղադրանքի տրամաբանության, ստացվում է, որ Ավետիսյանն այնքան կարճամիտ է, որ մի կողմից ծառայությունից ազատելու միջնորդություններով «լևի» փող է աշխատում, իսկ մյուս կողմից` հացադուլ, նստացույց անելով, ինչ-որ սոցիալական պահանջներ ներկայացնելով դուրս է գալիս այդ գործը գլուխ բերող շրջանակների դեմ: Սակայն 2000 դոլար գողանալու մեղադրանքի առաջադրումը, որը դեռ պետք է հիմնավորել, ներկայացվեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ, չնայած գործադրված «քաղաքակիրթ» բոլոր միջոցներին, Ավետիսյանը և նրան շրջապատող ազատամարտիկները չեն հրաժարվելու իրենց պայքարից ու չեն ուտում խնդիրները լուծելու վերաբերյալ կառավարության, ԵԿՄ-ի կողմից գցվող «կուտերը»: Հատկապես այսպիսի մեղադրանք ներկայացնելով` ուզում են ցույց տալ, թե ովքեր են իրականում բողոքում իրենց սոցիալական, կենցաղային վիճակից և թե որքան կեղծ ու շինծու է ազատամարտիկների պայքարը: Ի դեմս Ավետիսյանի, ոչ միայն վարկաբեկվում է ազատամարտիկների ողջ պայքարը, այլև առհասարակ «ազատամարտիկ» հասկացությունը, երևույթը: Որովհետև ոչ ոք չի կարող ազատամարտիկ համարել նրանց, ովքեր կա'մ կաշառք են վերցնում, կա'մ պաշտպանում են կաշառք վերցնողին:

 

Ահա այսպես նաև ցեց է գցվում հենց հրապարակ դուրս եկող ազատամարտիկների միջև, որոնց ստիպում են ընտրություն կատարել սեփական տներում ու պատերի տակ ծվարած գոյություն քարշ տալու և շարժման` «կաշառատվության մեջ թաթախված» լիդերի ետևից գնալու, գուցե նաև նրա ճակատագիրը կիսելու միջև: Եվ այս ամենը տեղի է ունենում Երկրապահ կամավորականների միության լուռ հայացքի ներքո, որն Ավետիսյանի ձերբակալման, կալանավորման և նրա անվան շուրջ ստեղծված իրադրության մասին առ այսօր դեռևս որևէ մեկնաբանություն չի արել: Խնդիրը բացարձակապես Ավետիսյանին պաշտպանելու կամ ԵԿՄ-ից նման ակնկալիք ունենալու մեջ չէ: Քանի դեռ նրա մեղավորությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել, հնարավոր չէ միանշանակ գնահատականներ տալ` ո'չ արդարացնելու, ո'չ էլ քննադատելու իմաստով: Սակայն չի կարելի նաև անտեսել այն փաստը, որ ազատամարտիկի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցը` կալանքը կիրառելու հանգամանքն ինքնին առնվազն կասկածներ է հարուցում այս գործի օբյեկտիվության և դրանում քաղաքական պաստառի բացակայության հետ կապված: ԵԿՄ-ից ընդամենը մեկ բան էր ակնկալվում` պահանջել օբյեկտիվ քննություն և հետևողականություն ցուցաբերել դրա նկատմամբ հանրային վերահսկողությունն իրականացնելու հարցում: Մի բան, որ այս կազմակերպությունը ժամ առաջ շտապելու էր անել, եթե նման իրավիճակի մեջ հայտնված լիներ, օրինակ` գեներալներից մեկի թիկնապահներից մեկը:

 

ԵԿՄ-ի կատարյալ անտարբերությունը արդարադատության համակարգում առկա նման գործելաոճի, ընտրողականության ուղղակի խրախուսանք է: Այն ցույց է տալիս, մի կողմից, կազմակերպության ու դրա ղեկավարության անձնավորված վերաբերմունքը Ավետիսյանի նկատմամբ, իսկ մյուս կողմից` անհանդուրժողական կեցվածքը ընդհանրապես իրենց իրավունքների համար պայքարելու նրա և նրա կողմնակիցների վարքագծի նկատմամբ: Իսկ սա վերաբերմունք է առհասարակ քաղաքացիական կամ սոցիալական մոտիվներով հանրային պահանջատիրության նկատմամբ: Մինչդեռ այստեղ քաղաքական նախապատվությունների հարց չէ, այլ զինվորականի ու ազատամարտիկի և Հայաստանի քաղաքացու արժանապատվության:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ