կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-02 02:14
Քաղաքական

Ղարաբաղյան կարգավորման համատեղ հայտարարություն՝ Աստանայի գագաթնաժողովում

Ղարաբաղյան կարգավորման համատեղ հայտարարություն՝ Աստանայի գագաթնաժողովում

Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնեցին, որ եկել է ժամանակը առավել վճռական գործողություններ ձեռնարկել` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

 

Այդ ենթատեքստում նրանք հղում արեցին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի Մոսկվայի 2008 թ. նոյեմբերի 2-ի և 2010 թ. հոկտեմբերի 27-ի հայտարարություններին: Նրանք համաձայնություն հայտնեցին, որ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը տարածաշրջանի ժողովուրդներին կայունություն և անվտանգություն կբերի, և կհանդիսանա միակ հնարավորությունը նրանց միջև համաձայնության հասնելու համար:

 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորմանը ձգտելու միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ինչպես նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ 2009թ. հուլիսի 10-ի Ակվիլայի և 2010թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունների հիման վրա:

 

Միջնորդ երեք երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որոնք խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ որոշումներ են կայացնելու: Նրանք կոչ արեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ նոր եռանդով կենտրոնանալ Հիմնարար սկզբունքների դեռևս չհամաձայնեցված հարցերի լուծման վրա, և հանձնարարեցին համանախագահներին շարունակել աշխատանքը հակամարտության կողմերի հետ` աջակցելով ձեռնարկվող ջանքերին:

 

Ընթացող բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար նրանք կոչ արեցին ձեռնարկել հավելյալ քայլեր` ուղղված հրադադարի ամրապնդմանը և բոլոր բնագավառներում վստահության միջոցառումների իրականացմանը: