կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-03 21:22
Քաղաքական

Աստանայի հռչակագիրը

Աստանայի հռչակագիրը

11 տարվա ընդմիջումից հետո Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կազմակերպված ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող վերջնական փաստաթուղթ է ընդունվել, ճիշտ է, գրեթե 10 ժամ տևած քննարկումներից հետո: Ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ նախագահող երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբևը, ով այդ հանդիպումն անվանել է «պատմական` ԵԱՀԿ ողջ հանրության համար»։

 

«Մենք հասկանում ենք, որ դեպի եվրոատլանտյան ու եվրասիական` միացյալ ու անբաժանելի անվտանգությամբ հասարակություն տանող ճանապարհը երկար ու փշածածկ է»,- ասել է Նազարբաևը հավելելով, որ Աստանայում ստանձնած պարտավորությունների կատարմամբ անդամ-երկրները կապացուցեն կազմակերպություն կենսունակությունը։

 

Նազարբաևից հետո ելույթով հանդես է եկել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, նշելով, որ «ԵԱՀԿ-ում մեր նպատակը պարզ է` ստեղծել անվտանգության իսկապես ժողովրդավարական հասարակություն առանց բաժանարար գծերի, որտեղ բոլոր պարտավորություններն իրագործելի են, որտեղ հնարավոր չէ պատկերացնել ուժի գործադրում և որտեղ հարգում են մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունը»։ Ի դեպ, Լիտվան 2011-ին ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։

 

Բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներն ընդունել են «Աստանայի հոբելյանական հռչակագիր. դեպի անվտանգ հասարակություն» փաստաթուղթը, որը մեկ անգամ ևս հաստատում է նրանց նվիրվածությունը ԵԱՀԿ սկզբունքներին։ Հռչակագրում, մասնավորապես, ասված է.

 

«Մենք շատ հաջողությունների ենք հասել, բայց և հասկանում ենք, որ շատ բան է պետք անել, որպեսզի երաշխավորենք այդ հիմնարար սկզբունքների նկատմամբ հարգանքն ու մեր ստանձնած պարտավորությունների կատարումը ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական ու մարդկային, հատկապես` մարդու իրավունքների բնագավառում։

 

Յուրաքանչյուր անդամ-պետության անվտանգությունը անքակտելիորեն կապված է մյուս անդամ-երկրների անվտանգության հետ։

 

Յուրաքանչյուր անդամ-պետություն անվտանգության հավասար իրավունք ունի։ Մենք կրկին հաստատում ենք յուրաքանչյուր անդամ-պետության բնական իրավունքը` լինել ազատ կամ ընտրել կամ փոխել իր անվտանգություն ապահովող միջոցները ընդհուպ մինչև միություն կազմելը։

 

Յուրաքանչյուր երկիր ունի նաև չեզոքություն պահպանելու իրավունք։ Որևէ մասնակից-պետություն չպետք է ամրապնդի իր անվտանգությունը մյուս պետությունների անվտանգության հաշվին»։