կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 06:47
Քաղաքական

ՀԱԿ-ն ու իշխանությունը ընդհանուր դիրքորոշում ունեն

ՀԱԿ-ն ու իշխանությունը ընդհանուր դիրքորոշում ունեն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանելով ՀԱԿ-ի բոյկոտը Ընտրական օրենսդրության համաժողովին, ասաց, որ խորհրդարանական ընդդիմության համար շատ կարևոր հարցերում ՀԱԿ-ն ու իշխանությունը ընդհանուր դիրքորոշում ունեն:«ՀԱԿ- ն ու իշխանությունը շատ- շատ վտանգավոր ընդհանրություն ունեն ընտրական հանձնաժողովների կառուցվածքի ձևավորման հետ կապված: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը փորձեց խուսափեց այդ ընդհանրությունը արձանագրելուց, որովհետև այս բուռն բանավեճում, որտեղ առանցքում ընտրական հանձնաժողովների կարգավորման խնդիրն էր, կստեղծվեր մի իրավիճակ, որ փաստորեն ՀԱԿ-ը համաձայնության դաշտում կլիներ իշխանության հետ»,- ասաց նա:

 

Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ` Ընտրական օրենսգրքին առնչվող հիմնական հարցերում ՀԱԿ-ը տարաձայնություններ չունի իշխանությունների հետ, իսկ Ընտրական օրենսգիրքը նրանց համար երկրորդական նշանակություն ունի:

 

«Ընդդիմությունը պետք է իր ակտիվ դերակատարությունն ունենա այս հարցում,թե չէ խռովել, չմասնակցել, բոյկոտելը կարծում եմ այս փուլում չի տա այն արդյունավետ լուծումը, որն ակնկալում է քաղաքական ընդդիմությունը»,- ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

 

Նա տեղեկացրեց, որ համաժողովին հավանաբար կհետևի ՀՅԴ-ի «Ժառանգության» համատեղ առաջարկների քննարկումը նույն ձևաչափով: «Կարծում ենք, պայքարը նաև պետք է այս հարթության վրա տանենք, որպեսզի ունենանք առավել ժողովրդավարական ընտրական օրենսգիրք»,- ասաց նա:

 

Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը նամակ էր հղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ծրագրի տնօրեն Մայքլ Գետոյին` մերժելով Ընտրական օրենսդրության վերաբերյալ համաժողովին մասնակցելու հրավերը։«2008թ. նախագահական ընտրություններում վստահված անձանց, լրագրողների, դիտորդների դեմ կիրառված բռնությունները, համատարած ահաբեկչությունը, ընտրակաշառքը, Հայաստանից բացակա 500 000-ից ավելի քաղաքացիների քվեների կեղծումը որևէ կապ չունեն Ընտրական օրենսգրքի թերությունների հետ, այլ հենց Ընտրական օրենսգրքի, ինչպես նաև Հայաստանի այլ օրենքների բացահայտ խախտումով` վարչախմբի վերարտադրման միակ հնարավորությունն էր։ Գործող, անգամ պակասավոր օրենսգրքով կարելի էր անցկացնել լիակատար արդար ու թափանցիկ ընտրություն»,-ասված էր նամակում։

 

ԱԺ պետա-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ցավում եմ, որ ՀԱԿ-ը չի մասնակցում: Ինչքան էլ ասել օրենսգիրքը չի մեղավոր, այլ քաղաքական կամքը, այնուամենայնիվ օրենսգիրքն այն գործիքն է, որ հնարավորություն է տալիս խթանելու թե ընտրական գործընթացները, թե քաղաքական մշակույթի ձևավորումը»,- ասաց նա: