կարևոր
685 դիտում, 42 րոպե առաջ - 2026-10-16 13:11
Հասարակություն

Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ

Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ

Ոտքիս շրջանում այրող ցավեր ունեմ ամբողջ օրը, անտանելի է, չեմ դիմանում։ 24News-ի հետ զրույցում ասել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված 39-ամյա Անի Ավետիսյանը։

Նրա խոսքով, վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ առաջիկա օրերին նախատեսվում է հերթական վիրահատությունը, տարբեր հիվանդանոցներից բժիշկներ են այցելում և հենց վերջիններս էլ խորհուրդ են տվել արագացնել հաջորդ վիրահատությունը.

«Թույլ եմ, անտանելի ցավեր եմ ունենում, այրոցներ եմ զգում, տարբեր հիվանդանոցներից բժիշկներ են գալիս, զննում ինձ, ասում են՝ հաջորդ շաբաթ հավանաբար նորից կվիրահատեն»,- ասաց Անի Ավետիսյանը։

Նրա փոխանցմամբ և բժիշկների գնահատմամբ՝ առաջիկա 2-3 ամիսը Անին դեռ պետք է անցկացնի հիվանդանոցում։ Անիի խոսքով, բուժման ողջ ծախսերը հոգում է պետությունը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի սկզբին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող էր ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել էր դանակով հարվածել ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։

Դեպքից հետո Անի Ավետիսյանը տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բուժօգնության էին դիմել նաև նրա երկու երեխաները։

Նասիմի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հինգ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք։