|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Բինգյոլի (Բյուրակն) Ադաքլի գավառի կենտրոնում վաղ քրիստոնեական շրջանի պատմության մի հուշարձան է թաքնված Կենտրոնական մզկիթի և Ղուրանի դպրոցի տակ, որտեղ երեխաները կրթություն են ստանում: Պատմական աղբյուրներում «Չորրորդ Հայք» անվանված այս տարածաշրջանում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին հավատքի ամենանշանավոր կենտրոններից մեկն է։ Այն փորձում է դիմակայել ժամանակի փորձությանը՝ իր վրա կառուցված կամարակապ սենյակով, որն օգտագործվում է որպես պահեստ:
Հերա Ցուրու
ԱԴԱՔԼԻ / ԲԻՆԳՅՈԼ — Անատոլիական տարածաշրջանի շերտավոր պատմությունը բացահայտվում է Բինգյոլի Ադաքլի շրջանում՝ ճարտարապետական նորարարական վերափոխմամբ։ Պատմական գրառումներում նկարագրված որպես լեռան ստորոտում տեղակայված վաղեմի բնակավայր, որը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, անտառներով, Սուրբ Սարգիս եկեղեցով և մոտակա Սուրբ Կիրակոս վանքով, Ադաքլին՝ պատմական Յուքարը Քըղի (Գեղի) շրջանի սիրտը, այսօր կրում է վարչական և ճարտարապետական ցնցող ձուլման հետքերը։ Շրջանի կենտրոնում բարձրացող Ադաքլիի կենտրոնական մզկիթը ավելին է, քան պարզապես սովորական պաշտամունքի վայր. այն իր տակ թաքցնում է հազարամյա քրիստոնեական ժառանգություն։

Այն համարվում էր եզակի օրինակ․ Հաթայ Յողունոլուքից մինչև Բինգյոլ Ադաքլի՝ նույն ճակատագիրը
Բինգյոլի Ադաքլիում մեր հանդիպած այս ցնցող տեսարանը ցույց է տալիս, որ Թուրքիայում «եկեղեցի ներքևում, մզկիթ վերևում» տարբերակն իրականում սահմանափակված չէ մեկ տարածաշրջանով։ Մինչև վերջերս Հաթայի Սամանդաղի Յողունոլուք գյուղի մզկիթը, որի ստորին հարկը նախկինում քարե եկեղեցի էր (1633-1646), և որի վրա 1940 թ․ կառուցվել է երկաթբետոնե մզկիթ, համարվում էր այս հիբրիդային և վերափոխված ճարտարապետական ոճի միակ օրինակը Թուրքիայում: Այնուամենայնիվ, Ադաքլիի կենտրոնական մզկիթի տակ հայտնաբերված վաղ քրիստոնեական ժառանգություն Սուրբ Գևորգ եկեղեցին ցույց է տալիս, որ Յողունոլուքի կառույցը եզակի չէ. ձուլման, հիշողության ճնշման և տարածական վերափոխման նմանատիպ պրակտիկա կիրառվում է հենց Բինգյոլի լեռներում:

ԱՍՏԱՐՏԵ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԱՍՏՂԱԲԵՐԴ
Պատմական աշխարհագրության և ստուգաբանության գրառումները դիտելիս երևում է, որ Ադաքլի գյուղի սկզբնական հայկական անվանումը Աստղաբերդ կամ Ասդղբերդ էր: Այս անունը պատահականորեն չի ընտրվել. այն հիմնված է Աստղիկի՝ հնագույն ժամանակներից պտղաբերության և սիրո հայտնի աստվածուհու վրա: Հայտնի է, որ պատմության մեջ եղել են մի քանի թագուհիներ, որոնք կրել են այս դիցաբանական և սրբազան անունը: Իրոք, ըստ տեղացիների, գյուղի հակառակ ափին՝ Օրոր գետից այն կողմ, փայլող կիսավեր ամրոցը, ասում են, որ պատկանել է Աստղ անունով մի կառավարչի, որի անունը ծագում է այս արմատից: (Նմանատիպ անունով մեկ այլ պատմական ամրոց՝ Աստղաբերդ ամրոցը, գտնվում է Մուշի մոտ):

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ
Տարածաշրջանի բնակչության կառուցվածքի կտրուկ փոփոխությունը հստակորեն փաստաթղթավորված է պատմական զեկույցներում: 1872 թ․ զեկույցի համաձայն՝ գյուղում միասին գոյակցել են 79 հայկական և 29 քրդական տնտեսություններ: Հայ պատմաբան Սուքիաս Էփրիկյանի խոսքով՝ 20-րդ դարի սկզբին գյուղի բնակչությունը հասել էր 300 տնտեսության, որի կեսը կազմել են հայերը: Այս հարուստ մշակութային շրջանի ամենակարևոր կրոնական կենտրոնը պատմական Սուրբ Գևորգ վանքը/եկեղեցին էր, որը գտնվում էր գյուղին շատ մոտ և հայտնի էր իր առատ, համեղ աղբյուրներով:

ՄԶԿԻԹԸ ԵՎ ՂՈՒՐԱՆԻ ԴՊՐՈՑԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ
Ֆիզիկական և ճարտարապետական տվյալները ցույց են տալիս, որ ներկայիս Ադաքլիի կենտրոնական մզկիթը և հարակից Ղուրանի դպրոցը կառուցվել են անմիջապես պատմական Սուրբ Գևորգ եկեղեցու ավերակների վրա, դրա մեծ մասի քանդումից հետո: Փողոցից նայելիս ներքևում բարձրանում է կոկիկ մշակված քարերից կառուցված միջնադարյան հսկայական հենապատ, մինչդեռ աղյուսից, բետոնից և սվաղից կառուցված ժամանակակից մզկիթը և դրան ավելացված քարե մինարեթը՝ այս հուշարձանային հիմքի վրա, հստակ ցույց են տալիս կառույցի կրած կտրուկ փոփոխությունները:
ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐԻ ՎՐԱ ՇՐՋՆԱՅԻՆ ՇԱՏՐՎԱՆ
Պատմական եռակամար Ադաքլիի շատրվանը, որը ներկայում գտնվում է ճանապարհի մակարդակում և ջուր է մատակարարում շրջանի բնակիչներին, պարզապես սովորական ջրի աղբյուր չէ: Այս ջուրը, որը բխում է եկեղեցական ճարտարապետությանը պատկանող կամարակապ սենյակի տակից, քրիստոնեության մեջ հայտնի է որպես հին սուրբ աղբյուր (այազմա), որը դարեր շարունակ բուժիչ հատկություններ է ունեցել: Չնայած ակեղեցու ավերմանը՝ դրա տակ գտնվող սուրբ աղբյուրը շարունակում է հոսել շատրվանի կամարների միջով՝ կենդանի պահելով այդ վայրի հազարամյա հիշողությունը։
ԳԱՆՁԱԳՈՂԵՐԻ ԹԻՐԱԽ ՀՐԱՇԱԼԻ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ. ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ՎԻՇԱՊԱՍՊԱՆԸ
Մզկիթի ստորին հատվածում եկեղեցու միակ հատվածն է, որը կարողացել է անվնաս մնալ. բարակ կամարակապ սենյակ, որը կառուցված է նուրբ մշակված քարե զարդանախշերով, արևելահռոմեական և միջնադարյան ճարտարապետության բնորոշ օրինակ է։
Այս սենյակի մուտքի քարը գլուխգործոց է տարածաշրջանի պատմության առումով։ Քարի վրա կա հազվագյուտ բարձրաքանդակ, որը պատկերում է Սուրբ Գևորգին ձիու վրա վիշապին նիզակահարելիս։ Այս բարձրաքանդակը, որը տարածաշրջանում վաղ քրիստոնեական պատկերագրության ամենակարևոր և վառ նյութերից մեկն է, շարունակում է գոյություն ունենալ որպես քրիստոնեական արվեստի բացօթյա կնիք Ադաքլիում։
ՊԱՏՄԱԿԱՆ ՍՐԲԱՐԱՆԸ ԱՅԺՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱԾԽԻ ՊԱՀԵՍՏ
Այնուամենայնիվ, այս հոյակապ պատմական ժառանգությունը լիովին զրկված է այն պաշտպանությունից, որին արժանի է։ Ներսից արված լուսանկարները բացահայտում են ցավալի ճշմարտություն. վաղ քրիստոնեական շրջանի սրբազան սենյակն այժմ օգտագործվում է որպես մռայլ լուսավորված ածխի ամբար և պահեստային տարածք, որտեղ կույտ են արված մզկիթի և Ղուրանի դպրոցի շինաղբի պարկերը, հին արկղերը, մետաղի ջարդոնը և ներքնակները: Այս պատմական սենյակը, որն անտեսված է պաշտոնական հաստատությունների և իրավական պաշտպանության կարգավիճակի կողմից, ոչ միայն չի արժանանում որևէ պահպանման աշխատանքի, այլև բախվում է տարածք թափանցող գանձագողերի անողոք ոչնչացմանը: Դրա անգին բարձրաքանդակները և կամարակապ առաստաղի կառուցվածքը մոտ ապագայում լիակատար ոչնչացման վտանգի տակ են, եթե անհապաղ չառնվեն պահպանության տակ:
Թուրքերենից թարգմանեց Տիգրան Չանդոյանը