կարևոր
799 դիտում, 58 րոպե առաջ - 2026-09-15 17:01
Հասարակություն

Ինչպես են Արտաշատում փորձել 17-ամյա աղջկան կյանքից զրկել

Ինչպես են Արտաշատում փորձել 17-ամյա աղջկան կյանքից զրկել

ArmLur.am-ի փոխանցմամբ՝  Սահակ Ավանեսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Էրիկ Բաղրամյանի, վերջինիս կնոջ՝ Մարինա Բաղրամյանի և նրանց երեխաների՝ Ջալալ Բաղրամյանի և Զոյա Բաղրամյանի հետ, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան բնակավայրում, նպատակադրվել է ապօրինաբար կյանքից զրկել անչափահաս՝ 2009 թվականի օգոստոսի 23-ին ծնված Զ․ Բ․-ին: Իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն իրագործելու նպատակով 2026 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, օգտվելով Զ. Բ․-ի քնած լինելու հանգամանքից, Սահակ Ավանեսովը մուտք է գործել նշված բնակարանի՝ Զ.Բ-ի ննջասենյակ և կտրող-ծակող առարկա հանդիսացող՝ սև պլաստմասե բռնակով խոհանոցային դանակը աջ ձեռքում պահած՝ մոտեցել է նրա մահճակալին և կանգնել նրա գլխավերևում:

Շնչառության ձայն լսելով՝ Զ․ Բ․-ն արթնացել է, ապա վերջինիս գլխավերևում գտնվող Սահակ Ավանեսովը, անչափահաս Զ. Բ-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքում առկա դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Զոյա Բաղրամյանի կյանքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին՝ դեմքի և կրծքավանդակի հատվածներին, ինչպես նաև ստորին ձախ վերջույթին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ձախ հարակնակապճային, ձախ ծնկան հոդի, ձախ սրունքի շրջանների մեկական կտրած-ծակած վերքերի, կրծքավանդակի շրջանի մեկ հատ կտրած-ծակած, չթափանցող, թվով երկու հատ ծակած, չթափանցող վերքերի, դեմքի ձախ կեսի հյուսվածքների սալջարդի, ձախ ստորին կոպի, ստորին ծնոտի ձախ կեսի շրջանների մեկական, աջ սրունքի շրջանի թվով երկու հատ արյունազեղումների ձևով թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:

Սակայն Սահակ Ավանեսովի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը՝ անչափահաս Զ. Բ-ի սպանությունը, իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ Զ. Բ-ին, վերցնելով իր բջջային հեռախոսը, կարողացել է փակվել լոգասենյակում, զանգահարել իր մորը՝ Մ. Բաղրամյանին, ով էլ իր հերթին զանգահարել է Անուշ Ծատուրյանին և վերջինս գալով օգնության՝ Զ. Բ-ին ուղեկցել է իր բնակարան, որտեղից վերջինիս ծնողները նրան տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ՝ այդպիսով փրկելով Զ. Բ-ի կյանքը։