կարևոր
532 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-01 19:50
Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

Տոլյատիի «Ակրոնն» ու Երևանի «Փյունիկը» համաձայնության են եկել կենտրոնական կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

21-ամյա ֆուտբոլիստի հետ ռուսական ակումբը կնքել է հինգ տարվա պայմանագիր:

Հովհաննիսյանը «Փյունիկի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանն ունի նաև եվրագավաթային փորձ. նրա ակտիվում Կոնֆերենցիաների լիգայում անցկացրած 5 խաղ կա: Վարձավճարով հանդես գալով ԲԿՄԱ-ի կազմում՝ նա մասնակցել է 53 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 1 ասիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում երիտասարդ խաղացողն արդեն հասցրել է անցկացնել երեք հանդիպում:

«Մենք տևական ժամանակ աշխատում ենք տրանսֆերային շուկայում, և Կառլեն Հովհաննիսյանի հետ պայմանագրի կնքումը այդ քրտնաջան աշխատանքի տրամաբանական արդյունքն է։ Ուրախ ենք, որ նա միացավ մեզ և սպասում ենք արդյունավետ ու վառ խաղի»,- նշել է «Ակրոնի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Կլյուշևը։

Ակումբի սպորտային տնօրեն Ալեքսեյ Բուրտովոյն իր հերթին ընդգծել է հայ ֆուտբոլիստի խաղային որակները․

«Կառլենը Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, ով չնայած երիտասարդ տարիքին, արդեն ազգային հավաքականի մեկնարկային կազմում է խաղում։ Նա արագաշարժ ու տեխնիկապես գրագետ կիսապաշտպան է, ով կարողանում է կառավարել թիմի խաղը դաշտի կենտրոնում։ Այս տրանսֆերը հիանալի տեղավորվում է մեր ակումբի ռազմավարության մեջ, որտեղ շեշտը դրվում է երիտասարդ տաղանդների վրա։ Կարևոր է նաև, որ ֆուտբոլիստն ազատ տիրապետում է ռուսերենին և լեգեոներ չի համարվում, ինչը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտա կազմի ընտրության հարցում»։

Նշվում է, որ Հովհաննիսյանն արդեն միացել է նոր թիմին։