|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.56 |
| EUR | ⚊ | € 425.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.3097 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմում է ուղիղ 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին շուրջ 542 միլիոն էր կազմում, 24-ին՝ արդեն 603 մլն, այս տարի՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն` անշեղորեն աճում է:
Ենթադրվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց (վարչապետ, նախագահ եւ այլք) հատկացված պետական առանձնատների եւ տարածքների պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար։ Բայց պարզվում է՝ հոգում են բոլոր ծախսերը` սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային այլ կարիքներից: Օրինակ, մենք պատահաբար տեղեկացանք, որ այս հիմնարկը հոգում է անգամ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը: «Գնում են՝ մանիկյուր-պեդիկյուր են անում, հետո «Կառավարական ամառանոց» ՊՈԱԿ-ից գումարը փոխանցում ենք սալոնին»,- հայտնեց մեր աղբյուրը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, քանի որ ՊՈԱԿ-ի հեռախոսահամարները հասանելի չեն հանրությանը: Պարզաբանումներ ստանալու հույսով կապվեցինք վարչապետի նորանշանակ խոսնակ Մելանյա Հարությունյանի հետ, որը գրավոր հարցում ուզեց, ուղարկեցինք եւ արդեն մոտ 15 օր է՝ սպասում ենք պատասխանին: Խորհրդավոր լռությունից կարող ենք ենթադրել` չեն ցանկացել հաստատել, բայց նաեւ չեն կարողացել հերքել, ուստի նախընտրել են ոչինչ չասելը: Այնպես որ, հանրային միջոցների թալանից առավոտից երեկո խոսող վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները, պարզվում է, անգամ իրենց ամենատարրական կարիքները պետբյուջեի հաշվին են լուծում: Հարց է ծագում` ուրեմն ինչո՞ւ է պետությունը միլիոնների հասնող աշխատավարձ վճարում նրան: