կարևոր
2689 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-06 09:56
Քաղաքական

Բյուջեի հաշվին ֆռֆռում են, մյուսներին՝ պատժում․ «Հրապարակ»

Բյուջեի հաշվին ֆռֆռում են, մյուսներին՝ պատժում․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական աշունը կսկսի շրջագայություններով։ Նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով սեպտեմբերի 17-19-ը կմեկնի Բուդապեշտ (Հունգարիա), ապա սեպտեմբերի 25-30-ը՝ Օտտավա (Կանադա)։ 2 այցերի ընթացքում էլ մեծաթիվ պատվիրակության կազմում բացառապես իշխանական պատգամավորներ են եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ։ ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին հարցրինք՝ ինչպե՞ս են ձեւավորել պատվիրակությունները, ինչո՞ւ ընդդիմադիրներ չկան։ Ասաց, որ հայ-հունգարական խմբում ընդգրկված չէ որեւէ ընդդիմադիր պատգամավոր, իսկ հայ-կանադական բարեկամական խմբում թեպետ կան, սակայն ԱԺ նախագահը որոշել է ՔՊ-ականների հետ մեկնել․ «Այդ որոշումը կայացվել է՝ ելնելով այդ պատգամավորների ակտիվությունից, տվյալ խմբում ծավալած գործունեությունից, հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված իրենք ջանքերից»։

Կանադայի պատվիրակության կազմում են Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Սա առաջին անգամը չէ, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցի է մեկնում առանց ընդդիմադիրների, կարելի է կարծել, թե ԱԺ-ն միայն ՔՊ-ից է կազմված: Կան տեղեկություններ, որ նա ունի նախընտրելի ընդդիմադիր գործընկերներ, որոնց երբեմն տանում է գործուղումների, բայց երբեմն նրանք էլ են հրաժարվում մասնակցել, քանզի մի կողմից` դա ճիշտ չէ «մերժված» ընդդիմադիրների նկատմամբ, մյուս կողմից` հանրությունն այդ ուղեւորություններին լավ չի վերաբերվում: Ժամանակին ՀՀԿ-ի հետ բազմիցս գործուղումների մեկնած Նիկոլ Փաշինյանն ավելի վատ ավանդույթներ է ձեւավորել երկրում, քան տիրում էին նախկինների ժամանակ: Պետական բյուջեի հաշվին սրան-նրան լավություն անելը կամ ոմանց պատժելն այլեւս դարձել է իշխանական գործելակերպ: