կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-30 19:05
Աշխարհ

Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ

Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ

Լատվիան և Ուկրաինան կզբաղվեն անօդաչու համակարգերի համատեղ մշակմամբ, արտադրությամբ և փորձարկմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդել է Լատվիայի պաշտպանության նախարարությունը։

Համապատասխան հուշագրերը Ռիգայում ստորագրել են լատվիական և ուկրաինական կողմերը։ «Նրանց նպատակն է նպաստել անօդաչու համակարգերի արտադրության բնագավառում հավակնոտ ներդրումային նախագծերի զարգացմանը,  տեխնոլոգիաների փոխանցմանը և Լատվիայում տեխնոլոգիաների փորձարկումների համար ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ստորագրված հուշագրերը ներառում են համագործակցության մի քանի լրացուցիչ բնագավառներ՝ անօդաչու համակարգերի և դրանց բաղադրիչների մշակման ու արտադրության մեջ ներդրումների ներգրավում, տեխնոլոգիաների փոխանցում և արդյունաբերական ներուժի ամրապնդում, ինչպես նաև ցուցադրական, փորձարկման և ինովացիոն ենթակառուցվածքի զարգացում։

Ընդհանուր առմամբ դրանք հիմք են ստեղծում Լատվիայում անօդաչու համակարգերի և կրկնակի նշանակության տեխնոլոգիաների մրցունակ էկոհամակարգի զարգացման համար, նպաստելով ներդրումների ներգրավմանը, ինովացիաների զարգացմանը և բարձր ավելացված արժեքով արտադրանքի արտադրությանը»,- հավելել է նախարարությունը։

Լատվիայում համոզված են, որ այս համագործակցության կարևոր ասպեկտը սերտ գործընկերությունն է ուկրաինական ընկերությունների հետ, որոնք բացառիկ փորձ ու գիտելիքներ են կուտակել անօդաչու համակարգերի մշակման բնագավառում։