կարևոր
559 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-27 20:01
Հասարակություն

Պարեկների մասնակցությամբ 570 վթար ու պատահար է տեղի ունեցել, ծառայությունից ոչ ոքի չեն ազատել. «Փաստինֆո»

Պարեկների մասնակցությամբ 570 վթար ու պատահար է տեղի ունեցել, ծառայությունից ոչ ոքի չեն ազատել. «Փաստինֆո»

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վերջին 1․5 տարում 570 պատահար է գրանցվել, որի մասնակից ոստիկանության միայն 93 ծառայողի նկատմամբ է կարգապահական տույժ կիրառվել։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել են, որ տեղի ունեցած 570 պատահարից 374-ը եղել է 2025 թ․-ին, իսկ 196-ը՝ 2026թ․-ին։ Պատահարների հետևանքով վնասվել է 570 միավոր մեքենա, թվով 4 միավոր տրանսպորտային միջոց ճանաչվել են հետագա շահագործման համար ոչ պիտանի։

«Պատահարների հետևանքով առաջացած վնասված մեքենաները նորոգելու նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից նորոգող կազմակերպություններին վճարվել է 259.750.546 ՀՀ դրամ, որից 2025 թ-ին՝ 209.363.339 ՀՀ դրամ, իսկ 2026 թ-ին՝ 50.387.207 ՀՀ դրամ։ ՆԳՆ պարեկային ծառայության 2025-2026թթ. կարիքների համար նոր մեքենաներ ձեռք չեն բերվել»,- նշել են ՆԳՆ-ից։

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա ՆԳՆ-ից նշել են, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների մասնակցությամբ արձանագրված վթարներով 2026 թվականի հունիսի 25-ի դրությամբ իրականացված 59 ծառայողական քննությունների արդյունքներով 19 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 2025 թվականի ընթացքում իրականացվել է 133 ծառայողական քննություն, 74 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:

«Միաժամանակ հայտնում ենք, որ ծառայողական քննությունների արդյունքներով պարեկային ծառայության որևէ ծառայող ծառայությունից չի ազատվել»,- նշել են ՆԳՆ-ից։