կարևոր
814 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-26 11:20
Տնտեսական

Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Դավիթ Անանյան

Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․

«ԱՄՆ-Իրան հակամարտության նոր սրացումից և ամերիկյան հարվածներից հետո Իրանը փաստացի սահմանափակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը և հարվածներ հասցրել տարածաշրջանի նավթատարներին։ Զուգահեռաբար ակտիվացել են Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները․ նրանք Կարմիր ծովում հարվածել են սաուդական նավթատարներին և հայտարարել Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։Այսպիսով վտանգի տակ են հայտնվել միաժամանակ համաշխարհային էներգետիկ առևտրի երկու առանցքային հանգույցները՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները։ Եթե առաջինով սահմանափակվում է Պարսից ծոցի նավթի և հեղուկացված գազի արտահանումը, ապա երկրորդի խափանումը հարվածում է Կարմիր ծով–Սուեզ ճանապարհով իրականացվող մատակարարումներին։

Արդյունքում վառելիքային ճգնաժամը վերածվում է ոչ միայն առաջարկի, այլև համաշխարհային լոգիստիկայի ճգնաժամի։Աշխարհը կանգնած է ոչ այնքան հում նավթի, որքան պատրաստի վառելիքի՝ դիզելի, բենզինի և ավիավառելիքի պակասի առաջ։ Հում նավթի առաջարկն առայժմ բավարար է, սակայն Պարսից ծոցում, Չինաստանում և Ռուսաստանում նավթավերամշակման ու արտահանման խափանումների հետևանքով նավթամթերքի համաշխարհային արտադրությունը նախապատերազմյան մակարդակից օրական շուրջ 8 մլն բարելով պակաս է, իսկ առանձին վառելիքատեսակների գներն աճել են 35–70%-ով։

Սա հեռավոր շուկաների վերացական խնդիր չէ։ Սա Հայաստանի գնաճի, տնտեսական ակտիվության և ազգային անվտանգության խնդիրն է։

Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն դիվերսիֆիկացրել է բենզինի ներմուծումը։ 2025 թվականին ներմուծված շուրջ 220 հազար տոննա բենզինից Ռուսաստանին բաժին է ընկել մոտ 56 հազար տոննա։ Սակայն դիզելային վառելիքի դեպքում պատկերը հակառակն է․ ներմուծված շուրջ 180 հազար տոննայից 150 հազարը՝ ավելի քան 80%-ը, մատակարարվել է Ռուսաստանից։ Մինչդեռ Ռուսաստանն արդեն սահմանափակում է դիզելի արտահանումը՝ սեփական շուկայի պակասը մեղմելու համար։Ի՞նչ պետք է անել։

Անհապաղ ստուգել բենզինի և հատկապես դիզելի ռազմավարական պաշարների փաստացի առկայությունը։ Օրենքը խոշոր ներմուծողներից պահանջում է պահպանել նախորդ տարվա ներմուծման 10%-ի չափով չնվազող պաշար։

Բենզինի ներմուծման դիվերսիֆիկացման փորձը տարածել նաև դիզելի վրա՝ նախապես ապահովելով այլընտրանքային մատակարարներ, երկարաժամկետ պայմանագրեր, պահեստային հզորություններ և Սև ծով–Վրաստան երթուղու լրացուցիչ հնարավորություններ։

Պատրաստել վառելիքային ցնցման քաղաքատնտեսական սցենարներ՝ գնահատելով դրա ազդեցությունը գնաճի, գյուղատնտեսության, բեռնափոխադրումների, հանրային տրանսպորտի, արտաքին առևտրի և բյուջեի վրա։

Ամենօրյա վերահսկողություն սահմանել ներմուծման գների, պաշարների, առևտրային հավելագների և մանրածախ գների նկատմամբ։

Միջնաժամկետ հատվածում արագացնել հանրային տրանսպորտի էլեկտրիֆիկացումը, երկաթուղային բեռնափոխադրումների զարգացումն ու տնտեսության էներգաարդյունավետությունը։Ի՞նչ չի կարելի անել։

Չի կարելի ճգնաժամը ժխտել կամ հասարակությանը հանգստացնել ընդհանուր խոսքերով՝ սպասելով, մինչև խնդիրը երևա բենզալցակայաններում։Չի կարելի սահմանել վարչական միջամտությամբ գների կոշտ առաստաղներ, քանի որ դրանք կարող են կարճ ժամանակով թաքցնել թանկացումը, բայց վերջնարդյունքում հանգեցնել դեֆիցիտի, հերթերի և ստվերային վաճառքի։

Չի կարելի առանց հաշվարկի կիրառել համատարած սուբսիդիաներ կամ հարկային արտոնություններ։Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել մեկ այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ։

Չի կարելի ռազմավարական պաշարներն օգտագործել գների ժամանակավոր ու ցուցադրական զսպման համար՝ առանց նոր մատակարարումն ապահովելու։

Հայաստանը չի կարող անխոցելի լինել համաշխարհային ցնցումների նկատմամբ։ Բայց կարող է և պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին տնտեսական ու պետական ճգնաժամի։

Սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի իշխանություն, որը կանխատեսում է, պահուստավորում է, դիվերսիֆիկացնում է և հանրությանը ճշմարտությունն է ասում»։