կարևոր
721 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 17:54
Աշխարհ

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Իրանը հերքել է այն լուրերը, որ Քոլանգ լեռան տարածքում գործում է գաղտնի միջուկային համալիր, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր հարվածել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանն իր միջուկային գործունեության մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)։

«Իրանի միջուկային գործունեությունն ամբողջությամբ հայտարարվել է ԱԷՄԳ-ին՝ համաձայն նրա երաշխիքների պարտավորությունների: Վաշինգտոնի մոլուցքային ուշադրությունը Քոլանգ լեռանը, որտեղ ոչ մի միջուկային գործունեություն տեղի չի ունենում, ոչ այլ ինչ է, քան հորինված պատրվակ ագրեսիայի, ավերածությունների և դիվերսիայի համար», - գրել է Բաղային X-ում:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի շարունակական հարձակումները և սպառնալիքները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ «ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի, Գլխավոր կոնֆերանսի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում են, այլև բացահայտում են Միացյալ Նահանգների խորը արմատացած թշնամանքն Իրանի գիտական ​​առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման նկատմամբ»։

Բաղայիի խոսքով՝ իրանցի ժողովուրդը միասնական է և պատրաստ ամբողջ ուժով դիմադրելու ԱՄՆ-ի կողմից թշնամական ցանկացած գործողության։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ շուտով կհարվածի Քոլանգ լեռան տարածքին, և Իրանը «ոչինչ չի կարող անել դրա դեմ»։ Ըստ Իսրայելի՝ Թեհրանն իր հարստացված ուրանի պաշարների մի մասը և ուրանի հարստացման ցենտրիֆուգները թաքցրել է Քոլանգ լեռան մեջ գտնվող ստորգետնյա օբյեկտում։

Իրանն արձագանքել էր Թրամփի հայտարարությանը՝ սպառնալով լուրջ հարվածներով պատասխանել նման հարձակմանը։