Միասին կարող ենք
կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-03 09:23
Հասարակություն

Ում ընկերությունն է նորոգում Գյումրու փողոցները․ «Հրապարակ»

Ում ընկերությունն է նորոգում Գյումրու փողոցները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Կապավոր» ՍՊԸ-ի հետ ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել։

Ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվում է իրականացնել Գյումրու Անկախության փողոցի, Շիրազի ու Չերազի փողոցների մի հատվածի միջին նորոգման աշխատանքները, որը պետք է կատարվի 45 օրվա ընթացքում, իսկ շինարարության սկիզբը ապրիլի 15-ն էր սահմանված։ Աշխատանքի դիմաց ընկերությանը վճարվելու է 104 մլն 400 հազար դրամ։

«Կապավոր» ՍՊԸ-ի բաժնետերերն են Արման Հակոբջանյանը, վերջինիս եղբայր Արայիկ Հակոբջանյանը։ Արման Հակոբջանյանը «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամն է եղել, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդականը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընկերն ու բիզնես-գործընկերը։ Նա Արցախում, ապա Հայաստանում բազմաթիվ ընկերություններ է հիմնել։ Նրան է պատկանում «Ասֆալտագործ» ԲԲԸ-ն, «Ասֆալտագործ» ՍՊԸ-ն, «Դղյակ Հոթել» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունները հիմնվել են մինչև 2010թ-ը, Փաշինյանի կառավարման տարիներին էլ է նա մի շարք ընկերություններ հիմնել։ Մասնավորապես «Կապավոր» ՍՊԸ-ն, «Կապավոր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, «Կապավոր շին» ՍՊԸ-ն, «Պլատինիում գարդեն» ՍՊԸ-ն, «Ֆեմիլի գարդեն» ՍՊԸ-ն, «Պերֆեկտ գարդեն» ՍՊԸ-ն, «Գազ սթրիմ» ՍՊԸ-ն, «Ֆլեյմ Գազ» ՍՊԸ-ն, «Գազ շեն» ՍՊԸ-ն և «Էկո տոպ» ՍՊԸ-ն։ Նա մի քանի տարի առաջ գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները:

Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որի հիմնած 180 հա դեղձի այգին էր ապրիլին այցելել Նիկոլ Փաշինյանը։ Այցի ժամանակ Փաշինյանը հպարտացել էր, որ սուբսիդավորման ծրագրի շահառու է ձեռնարկատերը, իսկ Հակոբջանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար «մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով», իսկ մնացածն իրականացվել է պետական աջակցության՝ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։