Միասին կարող ենք
կարևոր
394 դիտում, 48 րոպե առաջ - 2026-06-02 18:44
Հասարակություն

Նաիրի Հոխիկյանին փորձել են առևանգել․ աղմկահարույց մանրամասներ՝ ՔՊ-ականների հետ ունեցած միջադեպից

Նաիրի Հոխիկյանին փորձել են առևանգել․ աղմկահարույց մանրամասներ՝ ՔՊ-ականների հետ ունեցած միջադեպից

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանն այս պահին Վաղարշապատի քննչական բաժնում է։ Մինչ այդ զրուցել է լրագրողի հետ ու աղմկահարույց մանրամասներ հայտնել ՔՊ անդամների հետ ունեցած միջադեպից․

«Մայիսի 31-ին իմ տան վրա կազմակերպված խմբակային հարձակում էր եղել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամ հարձակվեցին իմ տան վրա, խուլիգանության հոդվածին համապատասխանող բոլոր գործողություններն արեցին՝ հանրային անդորրը խանգարող գոռգոռոցներ, հայհոյանք, սպառնալիքներ, բռնության գործադրում, առևանգման փորձ»,-նշեց Հոխիկյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է դրսևորվել առևանգման փորձը, Նաիրի Հոխիկյանը նշեց․ «Փորձեցին հրելով դեպի իրենց մեքենան տանել, ես դիմադրեցի ու սկսվեց արդեն այդ բռնության գործադրումը՝ հարվածներ ձեռքերով, ոտքերով։  Այդ մարդկանցից մեկի անունը գիտեմ, ոմն Գևորգ, եթե չեմ սխալվում, ազգանունը Խաչատրյան, մյուսը ներկայացել էր որպես իր որդին, և այս մարդիկ ինձ մեղադրում էին, որ ես իբրև թե վիրավորական արտահայտություններ եմ հնչեցրել իրենց նկատմամբ, իրենց կուսակցության նկատմամբ և այլն, պահանջեցի ապացույց, որ  վիրավորել եմ, բնականաբար ոչ մի նման բան չկար, իրենք սկսեցին հայհոյել Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Պահանջեցի առաջին հերթին իմ տան մոտ հայհոյանքներ չհնչեցնել, երկրորդ՝ հարգալից լինել այլ անձանց նկատմամբ, իսկ եթե ուզում են ինչ-որ մեկին հայհոյել, թող գնան այդ մարդու ներկայությամբ հայհոյեն կամ նրա կուսակցության ներկայացուցիչների, և կտեսնեն ինչպիսի պատասխան  կստանան։ Դրանից հետո սկսեցին արդեն ինձ ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ, հարվածներ, բնականաբար հարվածները եղան նաև փոխադարձ, ես չէի կարող կանգնել և սպասել, որ իրենք ինձ միայն հարվածեն»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Անդրադառնալով առավոտյան իր տանը կատարված խուզարկությանը, Հոխիկյանն ասաց, որ ոչինչ չեն հայտնաբերել։

Մանրամասն՝ տեսանյութում։