|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է․
«Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս էլ, հավանաբար, միայն վերջին պահին եմ որոշելու, թե ձայնս ում տամ (ՀՀ քաղաքական դաշտը՝ իր կուսակցություններով ու շարժումներով, մեղմ ասած, դեռևս չի կայացել)։ Սակայն, բնականաբար, որևէ պարագայում չի կարելի քվեարկել փաշինյանական ՔՊ-ի և նրա արբանյակների օգտին (Արամ Սարգսյան, Լ. Շիրինյան, Ա. Բաբաջանյան, Վ. Հարությունյան, Գ. Սիմոնյան...)։
Կան նաև որոշ լակմուսի թղթեր, որոնցով կարելի է կողմնորոշվել։ Այսօր կնշեմ դրանցից մեկը՝ «Թրամփի ուղի» կոչվող թուրանական միջանցքը («Զանգեզուրի միջանցքը»), որով Հայաստանի Հանրապետության տարածքի ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող մի հատված օտարվում է հօգուտ ԱՄՆ-ի՝ 99 տարով, այսինքն՝ փաստացի հավերժ։
Այս քայլի կործանարար հետևանքների մասին մանրամասն խոսել և գրել եմ անցյալ տարվա օգոստոսի 8-ից սկսած, ուստի այստեղ ընդամենը կարճ նշեմ, որ նման զարգացման դեպքում՝
• Սյունիքի ճանապարհների վրա, ապա նաև ամբողջ Սյունիքում Հայաստանի ինքնիշխանությունը շատ արագ տարրալուծվելու է և փոխանցվելու է ԱՄՆ-ին, իսկ վերջինս այն աստիճանաբար մասամբ կամ ամբողջությամբ զիջելու է Ադրբեջանին և Թուրքիային։
• Սյունիք է բերվելու օտարազգի մեծաքանակ աշխատուժ, ներառյալ թուրքեր և քրդեր, որոնք այլևս երբեք չեն հեռանալու՝ արմատապես փոխելով Հայաստանի հարավի ժողովրդագրական պատկերը։
• Հայաստանը զրկվելու է իր միակ բնական ռազմավարական դաշնակցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գործող երաշխիքներից։ Հայ-իրանական հարաբերությունները խորապես խաթարվելու են, իսկ երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական համագործակցությունը՝ վերանալու։
• Հայաստանի տարածքը վերածվելու է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկարաժամկետ հակամարտության հավանական պատերազմական գոտու, քանի որ ԱՄՆ-ՀՀ նախաստորագրված պայմանագրով արդեն իսկ նախատեսվում է ամերիկյան զինվորական ուժի ներկայություն թուրանական այդ ճանապարհի ամբողջ երկայնքով։
• Սյունիքը հայաթափվելու է։
Հետևաբար, ընտրություններում պետք է մերժել բոլոր այն կուսակցություններին կամ դաշինքներին, որոնք պաշտպանում են «Թրամփի ուղի» / թուրանական միջանցք ծրագիրը։ Իմ տեղեկություններով՝ դրանք են, բնականաբար, ՔՊ-ն և նրա անմիջական արբանյակները, ինչպես նաև ՀԱԿ-ը, «Միասնության թևերը» և, գուցե, ևս մի քանիսը (բոլորին հետևելու ժամանակ դեռ չեմ ունեցել, կարող եք ցանկը լրացնել)։
Ընտրություններին ընդառաջ կներկայացնեմ ևս մեկ-երկու լակմուսի թուղթ։
Հ.գ. Նկատեմ նաև, որ ինչպես 2021 թ., այնպես էլ այս տարվա ընտրություններին ես վերաբերվում եմ խիստ բացասաբար՝ հազար ու մի պատճառով։ Նշեմ դրանցից ընդամենը մեկը (թեև մյուսները ոչ պակաս կարևոր են)․ մի երկրում, որտեղ գլխավոր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև տասնյակ այլ օրենքներ, պարզապես չեն գործում, ինչո՞ւ պետք է ընտրական համակարգն ու համապատասխան օրենքները ճիշտ արդյունքներ արձանագրեն։
Բայցևայնպես, այս անգամ ընտրության գնալը, թերևս, իսկապես պարտադիր է, եթե ցանկանում ենք գոնե փորձել կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը։
Հ.գգ. Նոր լսեցի երկու օր առաջ Արա Պապյանի խիստ քննադատական խոսքը «Թրամփի ուղու» մասին։ Պետք է ենթադրել, ուրեմն, որ ԱԺԲ-ի տեսակետը փոխվել է, որովհետև ավելի վաղ տեսել էի Գ. Չուգասզյանի ելույթը, որտեղ միանգամայն դրական կարծիք էր արտահայտվում այս ծրագրի վերաբերյալ»։