կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-23 11:12
Արցախ

Բարեկարգում են Ստեփանակերտի փողոցները, նորոգում՝ մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճը

Բարեկարգում են Ստեփանակերտի փողոցները, նորոգում՝ մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճը

Արցախի քաղաքաշինության նախարարության տեղեկացմամբ՝ մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկարգմանն ուղղված ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի գլխավոր` Ազատամարտիկների և Կ.Ալվարյան փողոցի խաչմերուկից մինչև Դավիթ Բեկի փողոցի հետ խաչվող հատվածը /լուսակիրների մոտ/ բարեկարգվում է: Ներկայումս  ծրագրի առաջին փուլն է ընթացքի մեջ:  Հեռացվում են արդեն իսկ մաշված սալիկները, որոնք վաղուց կարիք ունեին փոխարինման: Հարթեցման աշխատանքներից հետո կիրականացվի ասֆալտապատում: Անհրաժեշտության դեպքում կապալառու ընկերությունը պատրաստ է վերափոխել հնամաշ եզրաքարերը: 

Տարածքում «Վիրաժ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունն է աշխատում: Պատվիրատուն Ստեփանակերտի քաղաքապետարանն է: Վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչությունը: 

Նշենք, որ այս ծրագրով ասֆալտապատվել են մայրաքաղաքի կենտրոնական ու երկրորդային  մի շարք փողոցներ: Աշխատանքները կատարվում են պետբյուջեի միջոցներով:

 Դրանից բացի` սկսվել են Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի համերգային դահլիճում վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Շինհրապարակում այժմ աշխատանքների առաջին փուլն է ընթացքի մեջ: Քանդմանը զուգահեռ, կատարվում է մասնակի ձևափոխում: Նախագծի համաձայն` վերափոխվելու է համերգասրահի բեմահարթակը, տեղադրվելու են նոր լուսաձայնային էֆեկտներ: Դահլիճից հանվել են նստարանները, հին ջեռուցման համակարգերը: Ծրագրով նախատեսված` 400 տեղանոց դահլիճը կհամալրվի նոր, ժամանակակից նստատեղերով: Իսկ ահա ջեռուցումը կիրականացվի օդային ջեռուցիչ համակարգով:

Նախագիծը համաձայնեցվել է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ: