|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Այն, ինչ Հաննա Արենդտը ձևակերպեց իր «Այխմանը Երուսաղեմում» գրքում, պարզապես Այխմանի դատավարության պատմական նկարագրությունը չէր. դա նախազգուշացում էր բոլոր ժամանակների համար։ Նախազգուշացում այն մասին, որ չարիքը պարտադիր չէ, որ հայտնվի հրեշային կերպարանքով. այն կարող է գործել լիովին սովորական, օրինապահ և նույնիսկ «պարտաճանաչ» մարդկանց միջոցով։
Այխմանը ո՛չ խելագար էր, ո՛չ էլ սադիստ։ Նա մի պաշտոնյա էր, որի համար բառերի իմաստը փոխվել էր այնպես, որ այլևս չտեսներ իրականությունը․ «վերաբնակեցում»՝ աքսորի փոխարեն, «հատուկ վերաբերմունք»՝ մահվան փոխարեն։ Լեզվի այս փոփոխությունը պարզապես բառախաղ չէր, այլ մի մեխանիզմ՝ խուսափելու ճշմարտության հետ առերեսումից։ Նրա մտքում հանցագործությունն այլևս հանցագործություն չէր, այլ օրենքի կատարում։
Հենց այստեղ է ձևավորվում «չարիքի սովորականացման» գաղափարը․ այն պահը, երբ մարդը մտածելու փոխարեն ենթարկվում է, բարոյական դատողության փոխարեն հենվում է հրահանգի վրա և ինքն իրեն ասում է. «Ես պարզապես հրաման եմ կատարում»։
Այս տրամաբանությունը սահմանափակված չէ որևէ ժամանակաշրջանով կամ երկրով։ Յուրաքանչյուր համակարգում, որտեղ ճնշումը դառնում է սովորական երևույթ, այս օրինաչափությունը կրկնվում է. գործիչներ, որոնք ոչ թե անձնական ատելությունից, այլ սովորությունից, վախից կամ համակարգում առաջադիմելու ցանկությունից ելնելով, մասնակցում են բռնության շղթային։ Այնտեղ, որտեղ օրենքը փոխարինում է բարոյականությանը, իսկ հրահանգը՝ պատասխանատվությանը։
Նման կառուցվածքում բռնությունը վերաիմաստավորվում է ոչ թե որպես բացառություն, այլ որպես «պարտականություն»։ Նրանք, ովքեր դեր ունեն փողոցներում, դատարաններում և կալանավայրերում տեղի ունեցող գործընթացներում, հաճախ իրենց հանցագործ չեն համարում, որովհետև, ինչպես Այխմանը, իրենց դատողության չափանիշը ոչ թե խիղճն է, այլ այն շրջանակը, որի մեջ իրենք գտնվում են։
Սակայն «ես հրաման էի կատարում և պատասխանատվություն չեմ կրում» փաստարկը, ինչպես ցույց է տալիս Հաննա Արենդտը, ոչ միայն չի վերացնում պատասխանատվությունը, այլ հենց բարոյական անկման մեկնակետն է։ Որովհետև այն պահին, երբ մարդը հրաժարվում է ինքնուրույն մտածելու ունակությունից, նա դառնում է ցանկացած համակարգի գործիք՝ անկախ նրանից, թե այդ համակարգը որքան արդար կամ կոռումպացված է։
Ցանկացած հասարակությունում բռնության դրսևորումների, այդ թվում՝ Հայաստանում քաղաքական ճնշումների, ինչպես նաև Հայաստանի ներկայիս իշխանության անդամների կույր նվիրվածության և ենթարկվելու վարքագծի, Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարների անօրինական գործողությունների համատեքստում առաջ է գալիս մի հիմնարար հարց․ ո՞րն է անհատի դերը։
Կարո՞ղ է արդյոք մարդը թաքնվել օրենքի կամ հրահանգի հետևում և խուսափել բարոյական պատասխանատվությունից։ Թե՞, ինչպես Արենդտն է շեշտում իր աշխատություններում՝ նվիրված բռնապետության պայմաններում անհատական պատասխանատվությանը, մարդու նվազագույն պարտականությունը «անարդարության հետ չհամագործակցելն» է։
Սա ընտրություն է, որի առաջ յուրաքանչյուր մարդ, անկախ իր դիրքից և պաշտոնից, անխուսափելիորեն կանգնում է։ Ընտրություն՝ կույր հնազանդության և մտածելու միջև։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ վերջնական դատողությունը կատարվում է ոչ թե կոչումների և պաշտոնների, այլ հենց այս ընտրությունների հիման վրա։ Նրանք, ովքեր պարզապես «կատարում էին իրենց պարտականությունը», հաճախ մնում են միայնակ մեկ հարցի առաջ․ ինչո՞ւ այն պահին, երբ պետք է մտածեին, պարզապես ենթարկվեցին։
Պատմությունը դատում է ոչ թե արդարացումները, այլ ընտրությունները։ Զգո՛ւյշ եղեք, թե պատմության ո՞ր կողմում եք կանգնած։
Իսակ Հունանեսյան
Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ