Միասին կարող ենք
կարևոր
991 դիտում, 57 րոպե առաջ - 2026-05-28 19:13
Հասարակություն Քաղաքական Տարածաշրջան

Սահակաշվիլին և Փաշինյանը հասարակությանը խոստացան «նոր դարաշրջան». արդյունքում նրանց քաղաքականությունը բերեց ծանր ազգային հետևանքների. Արթուր Միրզոյան 

Սահակաշվիլին և Փաշինյանը հասարակությանը խոստացան «նոր դարաշրջան». արդյունքում նրանց քաղաքականությունը բերեց ծանր ազգային հետևանքների. Արթուր Միրզոյան 

Վիրահայ հասարակական գործիչ Արթուր Միրզոյանը գրում է.

«Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը «հայկական Իվանիշվիլին» է։ Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ հայերը գիտեն, թե ինչ է բերել Բիձինա Իվանիշվիլին Վրաստանին՝ «կոռուպցիայի, հանցավորության, ազգային հարստության թալանի, զանգվածային քաղաքական ռեպրեսիաների, միջազգային մեկուսացման և Մոսկվայից կախվածության վրա հիմնված դիկտատուրա»։

Հնարավոր է՝ ոմանց համար նման համեմատությունը համոզիչ է հնչում։ Սակայն, կարծում եմ, թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի հայերը շատ լավ գիտեն նաև, թե հենց ինքը՝ Սահակաշվիլին, ինչ բերեց Վրաստանին։

Դա Վրաստանի լիակատար տնտեսական կախվածությունն էր Ադրբեջանից և Թուրքիայից, ինչպես նաև 2008 թվականի պատերազմը, որը երկրի համար ունեցավ ծանրագույն հետևանքներ։ Բացի այդ, շատերը շատ լավ հիշում են, թե ինչպես 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Սահակաշվիլին բացահայտ աջակցեց Ադրբեջանին, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հայ հասարակության շրջանում։

Եթե նման զուգահեռներ անցկացնել, ապա, իմ կարծիքով, շատ ավելի տրամաբանական է համեմատել հենց Միխայիլ Սահակաշվիլուն և Նիկոլ Փաշինյանին։

Երկուսն էլ իշխանության եկան գրեթե նույնատիպ հեղափոխական սցենարներով՝ հասարակությանը խոստանալով արագ փոփոխություններ, արդարություն և «նոր դարաշրջան»։ Սակայն արդյունքում նրանց քաղաքականությունը բերեց ծանր ազգային հետևանքների ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար։

Գեղեցիկ կարգախոսներով և բարեփոխումների խոստումներով մոլորեցնելով հասարակությանը՝ նրանք տարիներ շարունակ ստեղծում էին տնտեսական աճի պատրանք արտաքին վարկերի և ֆինանսական ներարկումների հաշվին, որոնց դիմաց ապագայում վճարելու են արդեն հաջորդ սերունդները։

Եթե շարունակենք այս տրամաբանությունը և նայենք վրացական օրինակին, ապա 2008 թվականի պատերազմից և դրա ծանրագույն հետևանքներից հետո Վրաստանի ժողովուրդը վերջում տվեց իր քաղաքական գնահատականը՝ Սահակաշվիլին պարտվեց ընտրություններում և իշխանությունը զիջեց Իվանիշվիլուն։

Հուսանք, որ նաև Հայաստանի ժողովուրդը, որն արդեն շատ բարձր գին է վճարել և շարունակում է վճարել այս ամբողջ քաղաքական արկածախնդրության համար, իր հետևություններն արդեն արել է։

Եվ հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչով կավարտվեն ապագա ընտրությունները և որքանով հայ հասարակությունը կհասկանա, որ որ յուրաքանչյուր մարդ պարտավոր է մասնակցել ընտրություններին, և որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը իսկապես կարող է վճռորոշ լինել երկրի ապագայի համար՝ իր ձայնը տալով այն ընդդիմադիր ուժերից մեկին, որը հաստատ կհաղթահարի անցողիկ շեմը»։