կարևոր
514 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 17:55
Իրավական

Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտին ծեծելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտին ծեծելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում աշակերտուհու նկատմամբ ուսուցչի կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով», - նշել են ՔԿ-ից։

Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին shamshyan.com-ը հայտնեց, որ Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։

Երեխայի ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, բայց պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։ Երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնել են, որ 1 ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։