կարևոր
904 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 16:06
Հասարակություն

Բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ արձանագրվել է նրա մահը

Բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ արձանագրվել է նրա մահը

Այսօր` հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն տղամարդու դի է տեղափոխվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ տեղեկություններ ստացվել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում։

Այնուհետև համայնքային ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածի մարմինը հիվանդանոց են տեղափոխել Արարատյան զանգվածի հասցեներից մեկից, և իրավապահները, մեկնելով նշված հասցե, այնտեղ հայտնաբերել են «MAZ» մակնիշի բեռնատար։

Տեղում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ «MAZ» մակնիշի բեռնատարը կայանված է եղել, երբ ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հիվանդանոց տեղափոխված մահացած տղամարդուն, ապա շարժվել առաջ ու բախվել խոտանված վիճակում կայանված ավտոմեքենային։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։