կարևոր
412 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-05 23:59
Հասարակություն

Առաջարկվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր

Առաջարկվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր

Ազգային անվտանգության ծառայությունը «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ստեղծելու, ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, ռեեստրում առկա՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծ է դրել շրջանառության մեջ։ 

Նախագծով նախատեսվում է  ձևավորել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց էլեկտրոնային տվյալների միասնական բազա։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. 

«Ներկայումս ներդրված չէ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների միասնական բազա, սահմանված չեն նաև պետական մարմինների և մասնավոր անձանց միջև անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համապատասխան մեխանիզմներ։ Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության միասնական և համակարգված վարման, ինչպես նաև այդ տեղեկատվության արդյունավետ փոխանակման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել և վարել Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական ռեեստր։

Ռեեստրում տվյալները ձևավորվելու են են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների հիման վրա։ Միաժամանակ, յուրաքանչյուր անձ, որը տիրապետում է անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների, հնարավորություն է ունենալու տեղեկատ­վու­թյան փոխանցման իրեն հասանելի ցանկացած միջոցներով (թեժ գիծ, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ, պաշտոնական էլեկտրոնային փոստ, գրավոր դիմում, պաշտոնական գրություն և այլն) այդ տեղեկությությունը փոխանցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ Ռեեստր մուտքագրելու նպատակով։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց էլեկտրոնային տվյալների միասնական բազա, ինչը կնպաստի անհայտ կորած անձանց հետախուզմանը, նրանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը»։

Ռեեստրում պահպանվող տվյալներին մշտական հասանելիություն ունեն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, արտաքին հետախուզության ծառայությունը, գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։