|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ է հայտնվել մի լուսանկար, որտեղ Ապարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Կարեն Եղիազարյանը Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ ՔՊ-ի քարոզչական բուկլետներն է բաժանում։
Այս լուսանկարը փաստում է Կարեն Եղիազարյանի քաղաքական կերպարանափոխությունը։ Սակայն, ինչպես պարզվեց, միայն բուկլետներ բաժանելով չի սահմանափակվել Ապարանի հայանքապետի քաղաքական ծառայությունները։ Մենք տեղեկացանք, որ նա փաստացի ղեկավարում է ՔՊ-ի Ապարանի շտաբը եւ ակտիվ ներգրավված է իշխանության քարոզչական ու կազմակերպչական աշխատանքներում։ Այսինքն՝ մարդը, ով տարիներ շարունակ ներկայացել է որպես ընդդիմադիր գործիչ, այսօր ամբողջ ռեսուրսով ծառայում է հենց այն ուժին, որի դեմ իբրեւ պայքարում էր։
Հատկանշական է, որ երբ «Իշխանություն» լրատվականը նրան նկատել էր Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին, Եղիազարյանը, հասկանալով իրավիճակի անհարմարությունը, բառացիորեն դիմել էր փախուստի։ Ավելի ուշ մեր լրագրողի հետ զրույցում փորձել էր արդարանալ՝ պնդելով, թե «գործով» է հայտնվել այնտեղ։ Սակայն իրականությունն այլ էր։ Մենք պարզեցինք, որ նա մինչ այդ էլ ակտիվորեն մասնակցել է ՔՊ-ի քարոզարշավին, բաժանել է բուկլետներ, իսկ այդ ամենը փաստող լուսանկարները նույնիսկ հրապարակված են եղել մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ֆեյսբուքյան էջում։ Միայն այն բանից հետո, երբ թեման աղմուկ է բարձրացրել, Կարեն Եղիազարյանի մասնակցությամբ լուսանկարները հեռացվել են էջից։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ Կարեն Եղիազարյանը Կաթողիկոսի բարեկամն է եւ ժամանակին եղել է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամպհովանին կրողը, սակայն այսօր նույն մարդը կանգնած է մի անձի կողքին, ով ամենօրյա ռեժիմով եկեղեցու դեմ ատելություն է քարոզում եւ թիրախավորում է հոգեւորականներին։
Փաստորեն, այն մարդիկ, որոնք ժամանակին փորձում էին հասարակության աչքում ներկայանալ որպես արժեհամակարգ ունեցող գործիչներ, այսօր հերթով տեղավորվում են ՔՊ-ի շարքերը ՝ մոռանալով իրենց նախկին հայտարարությունները, դիրքորոշումներն ու քաղաքական կենսագրությունը։
Աղբյուրը՝ «Իշխանություն»