Միասին կարող ենք
կարևոր
922 դիտում, 51 րոպե առաջ - 2026-05-12 10:53
Իրավական

Բագրատ Սրբազանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին

Բագրատ Սրբազանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։

Գործը քննվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ։

Նշենք, որ «Հայկական ժամանակին» տված իր հարցազրույցներից մեկում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կասկածի տակ էր դրել Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը սառեցնելու` Բագրատ Սրբազանի հայտարարությունը, նրան անվանել էր «ինքնասառեցված տերտեր», «շեղված հոգևորական», «մերօրյա Ուսամա բեն Լադեն», «տասովչիկ» և այլն։ Նա նաև հայտարարել էր, թե Բագրատ սրբազանի պաշտոնի ժամանակավոր սառեցումը նշանակում է, որ կաթողիկոսն արդարացնում է «մարդկանց սպանությունները», «պատերի տակ գյուլելը», «ահաբեկչական գործողությունները», ինչի համար այժմ մեղադրանք է առաջադրվել Բագրատ արքեպիսկոպոսին։

«Բագրատ Գալստանյանի հայցն ընդդեմ պատասխանող Հարություն Մկրտչյանի դատարանը մասնակի բավարարել է։ Ըստ այդմ, Մկրտչյանը պետք է սրբազանին փոխհատուցի 600 000 դրամ՝ 300 000-ական դրամ զրպարտության և վիրավորանքի դրվագներով։ Նմանատիպ հայցերով որ դիմել ենք դատարան մինչ օրս բոլորը մերժվել են՝ դատարանները չէին համարձակվում բավարարել։ Մենք դրանք վերաքննիչ դատարանում բողոքարկել ենք։ Այս դեպքում կա վերջնական ակտ, և մյուս կողմից չբողոքարկվելու դեպքում կմտնի օրինական ուժի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Հավելենք, որ Բագրատ սրբազանը Հարություն Մկրտչյանից պահանջել էր բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1,5 մլնը՝ զրպարտության համար, իսկ մյուս 1,5 մլն-ն՝ վիրավորանքի։

Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։