Միասին կարող ենք
կարևոր
655 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-01 14:59
Հասարակություն

Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Ջրային կոմիտեն պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են։

«Իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Բալահովիտում կոյուղատար համակարգը միացված է խմելու ջրի համակարգին։

Ջրային կոմիտեն կապի մեջ է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Բալահովիտի վարչական ղեկավարի հետ։

Իրավիճակի հակիրճ նկարագրությունը հետևյալն է․

Թյուրիմացությունը սկսվել է այն պահից, երբ Բալահովիտի բնակիչներից մեկը, բողոքելով ոռոգման ջրի խնդրից, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե կոյուղին ևս միացված է ջրատար համակարգին։ Իրականում խոսքը հեղեղատարի մասին է եղել։ Տվյալ հատվածով խմելու ջրի ջրատար չի անցնում, առկա է միայն կոյուղատար համակարգ։ «Ջրատար» բառի սխալ ընկալման հետևանքով թյուր կարծիք է ձևավորվել, թե խնդիրը կապված է խմելու ջրի հետ։

Ինչ վերաբերում է 10 երեխայի թունավորման մասին կեղծ լուրերին, այն ևս տարածվել է «փչացած հեռախոսի» շղթայով, երբ կոյուղատարի հարակից տարածքում ապրող բնակիչներից մեկը բողոքել է, որ իր 10-ամյա երեխայի մոտ այդ հատվածի հոտից առաջացել են ալերգիկ սրացումներ։

Բալահովիտի հատվածում կոյուղատար համակարգը իսկապես գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, սակայն պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Այդ աշխատանքները կատարվում են ամեն տարի, և առաջիկայում ևս նախատեսվում են շարունակական մաքրման և կարգավորման միջոցառումներ։

Միևնույն ժամանակ կան հատվածներ, որտեղ տեխնիկայի մուտքը դժվար է, իսկ տեղ-տեղ՝ անհնար՝ բնակիչների ինքնակամ կառուցված շինությունների, ցանկապատերի, անասնագոմերի և այլ խոչընդոտների պատճառով, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում աշխատանքների իրականացման համար։

Ընդհանուր առմամբ, իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, և աշխատանքներ են տարվում խնդրի ամբողջական կարգավորման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։