կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 11:52
Հասարակություն

Ուղղորդված` մեծ քանակությամբ հաշվառումների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ոստիկանություն

Ուղղորդված` մեծ քանակությամբ հաշվառումների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ոստիկանություն

Այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ներկայացրեց ընտրողների ցուցակների վերաբերյալ տեղեկություններ:

Ըստ այդմ` անձնագրային և վիզաների վարչությունում աշխատանքները բաժանվել են երկու խմբի` վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար ստացվել են 190 դիմումներ, որոնցից 38-ը մերժվել են օրենքով սահմանված տվյալներին չբավարարելու պատճառով:

Բիչախչյանը նշեց, որ անձնագրային վարչությունում գործում է թեժ գիծ, ստացվել է 192 զանգ, որոնցից 180-ը եղել են տեղեկատվական բնույթի, հինգ զանգով ստուգված տեղեկության արդյունքում պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում վրիպման արդյունքում հասցեն նշվել է թերի կամ սխալներով, դրանք շտկվել են:

«Մյուս հինգ զանգով քաղաքացիները տեղեկացրել են, որ իրենց տվյալները ընդգրկված չեն ընտրողների ցուցակներում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դա նույնպես տեխնիկական սխալի հետևանք է և ուղղվել է: Զանգերից մեկով քաղաքացին տեղեկացրել է, որ իր ազգականը մահացել է այլ պետությունում, և մահը ՀՀ իրավասու մարմնում գրանցված չէ: Ոստիկանության կողմից ճշգրտվել և հաստատվել է ինֆորմացիան: Քաղաքացիներից մեկն էլ զանգահարել է վերջնական ցուցակները հրապարակելուց հետ և փոխանցել մահացած անձի վերաբերյալ տվյալ: Նրան պարզաբանվել է, որ այս դեպքում որևէ կերպ հնարավոր չէ անձի տվյալները հանել ցուցակներից, սակայն ընտրական օրենսգրքով առկա է վերահսկողության այլ մեխանիզմ»,- ասաց նա:

2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, 2017 թվականի ապրիլի 2-ի դրությամբ, տասնութ տարին լրացող և բարձր տարիքի 25. 062 ՀՀ քաղաքացի հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով: Իսկ 2015 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016 թվականի մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, 2016 թվականի ապրիլի 2-ի դրությամբ, տասնութ տարին լրացող և բարձր տարիքի անձանց Հայաստանում կատարված հաշվառումների թիվը կազմել է 24.427:

«Ինչպես տեսնում եք, հաշվետու ժամանակահատվածում տարբերությունը կազմում է 635 անձի հաշվառում, ինչը և վկայում է այն մասին, որ պարբերաբար շրջանառվող այն լուրերը, որ իրականացվել են ուղղորդված` մեծ քանակությամբ հաշվառումներ, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Բիչախչյանը: