Միասին կարող ենք
կարևոր
2689 դիտում, 1 օր առաջ - 2026-04-13 23:21
Հասարակություն

Հուսով եմ` կարիք չի լինի ՄԻԵԴ հասնելու. վաղը կլինի արդարացման դատավճիռ. Նաիրի Հոխիկյան

Հուսով եմ` կարիք չի լինի ՄԻԵԴ հասնելու. վաղը կլինի արդարացման դատավճիռ. Նաիրի Հոխիկյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Վաղը' ապրիլի 14-ին, հրապարակվելու է իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճիռը։

Ավելի քան 3 տարվա դատաքննությունից ու բազմաթիվ դատավորների փոխվելուց հետո ապրիլի 14-ին հրապարակվելու է դատական վերդիկտը։ Տեսնենք, թե դատավոր Ռազմիկ Մարիկյանը որքանով հավատարիմ կմնա արդարադատության սկզբունքներին։ Ամեն դեպքում դեռևս չեմ նկատել ակնհայտ կողմնակալ վերաբերմունք դատական գործընթացում։ 

Իսկ դատը այն մասին էր, որ 2023-ին Արմավիրի մարզի դատավոր Էդգար Հովհաննիսյանին անվանել էի Նիկոլ Փաշինյանի իշխանության ապօրինի պատվերը կատարող, որը նվազագույն տղամարդկություն չի ցուցաբերել դեմ գնալու իշխանության հրահանգներին։ 

Իմ այս հայտարարությունը օբյեկտիվ պատճառ ուներ։ Հետագայում նույն այդ դատավորը նույնպիսի վարքագծով իրականացրեց Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ առերևույթ ապօրինի ու հակասահմանադրական գործընթաց, որի հետևանքով հիմա Վեհափառի դեմ քրեական գործ կա։ 

Իմ հայտարարությունը դատավոր Էդգար Հովհաննիսյանի մասին գնահատողական դատողություն էր, կարծիք' հիմնված նրա գործած արարքների վրա, մինչդեռ ԲԴԽ -ի, Դատախազության ու ՔԿ-ի համոզմամբ, ես իբր միտումնավոր վիրավորել եմ դատարանին' ՔՕ 489 հոդվածի համաձայն։ 

3 տարվա ամբողջ դատաքննության ընթացքում 2 դատավորներ ինքնակամ հրաժարվեցին գործի քննությունից, 1 դատավորի կալանավորեցին։ 

Ապրիլի 14-ին, ժամը 16:30-ին Աջափնյակի դատարանում կտեսնենք, թե ինչ կորոշի վերջին դատավորը։ Եթե լինի մեղադրական դատավճիռ, կբողոքարկեմ ավելի վերին ատյաններում, ընդհուպ մինչև ՄԻԵԴ, որտեղ միանշանակ կհաղթեմ։

Հուսով եմ, կարիք չի լինի ՄԻԵԴ հասնելու, և վաղը կլինի արդարացման դատավճիռ։ Տեսնենք»։