|
Փոխարժեքներ
27 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.36 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.5802 |
| GBP | ⚊ | £ 503.93 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված այն հաղորդագրությունների հետ, որ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սպանության թիրախ են եղել, սակայն նրանց ժամանակավորապես հանել են համապատասխան ցուցակից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Press TV-ն։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին կոչ է արել դատապարտել ամերիկա-իսրայելական դավադրությունները բարձրաստիճան պաշտոնյաների սպանության նպատակով։
«Այս հաղորդագրությունները մատնանշում են, որ Միացյալ Նահանգները և իսրայելական ռեժիմը նշել են Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իսլամական խորհրդատվական ասամբլեայի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին և արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ որպես մահափորձի օբյեկտներ», - ասվում է Իրավանիի նամակում։
Իրանի մշտական ներկայացուցչի խոսքով՝ այս քաղաքականությունը միջազգային իրավունքի նորմերի լուրջ խախտում է։
Նա նաև հիշեցրել է, որ ԱԳ նախարարի մակարդակի պաշտոնատար անձինք, միջազգային իրավունքին համապատասխան, օգտվում են լիակատար անձնական անձեռնմխելիությունից, և այդ սկզբունքը բազմիցս հաստատվել է Միջազգային դատարանի կողմից։
«Նրանց կյանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կխաթարի խաղաղ միջազգային հարաբերությունների հիմքերը։ Իրանը խստորեն դատապարտում է բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների սպանությունների գործելակերպը նորմալացնելու ցանկացած փորձ», - հայտարարել է Իրավանին։
Նրա խոսքով՝ այդպիսի քաղաքականությունը «ապակառուցողական» է և իրենից ներկայացնում է «պետական ահաբեկչություն, որը վտանգավոր նախադեպ կստեղծի և լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Արաղչիին և Ղալիբաֆին ժամանակավորապես հանել են ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների ցուցակից, մինչ բանակցություններ են ընթանում։