|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Ադրբեջանի հանրային հեռուստատեսության հաղորդավարը ուղիղ եթերում Իրանի մի շարք քաղաքներ՝ Թավրիզը, Խոյը, Արդաբիլը, Ուրմիան և Զենջանը, ներկայացրել է որպես «պատմական ադրբեջանական հողեր» և խոսել դրանց «ազատագրման» մասին։
Նման ձևակերպումները փաստացիորեն կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը և ակնարկում հնարավոր տարածքային հավակնություններ։
Այս տարածքներում (պատմական Ատրպատական) այսօր ապրում է շուրջ 15 միլիոն թաթարախոս իրանցի (որոնց կոչում են ադրբեջանցիներ)։ Եթե տեսականորեն պատկերացնենք մի սցենար, որտեղ Ադրբեջանը կարողանում է վերահսկողություն հաստատել Իրանի հյուսիսային նահանգների վրա, տարածաշրջանի ուժային բալանսը կարող է արմատապես փոխվել։ Այդ դեպքում Ադրբեջանը կարող է դառնալ մոտ 25 միլիոն բնակչություն ունեցող պետություն՝ զգալիորեն մեծացնելով իր տնտեսական, տրանսպորտային և ռազմական ներուժը։
Հայաստանի համար նման զարգացումը կարող է ստեղծել լուրջ ռազմավարական մարտահրավերներ։ Արևելքից արդեն գոյություն ունեցող սահմանը, արևմուտքում Թուրքիայի գործոնը և հարավում հնարավոր նոր իրադրությունը կարող են Հայաստանի անվտանգային միջավայրը դարձնել առավել բարդ։
Այս ամենը դեռևս հիպոթետիկ սցենար է։ Սակայն նման հայտարարությունները ցույց են տալիս, որ տարածաշրջանում գաղափարական և տեղեկատվական դաշտում արդեն ձևավորվում են նոր օրակարգեր։
Հետևաբար, կարևոր հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք բավարար չափով քննարկում և գնահատում ենք տարածաշրջանային հնարավոր զարգացումները, թե՞ շարունակում ենք արձագանքել միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն դարձել են իրականություն։