|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի նոր նամակը Հայաստանի իշխանություններին ցույց տվեց, որ հակախտրական օրենսդրության հարցը միջազգային հարթակներում դիտվում է որպես երկրի իրավական համակարգի զարգացման կարևոր բաղադրիչ։ Մայքլ Օ’Ֆլահերթին իր ուղերձում հայտարարում է, որ աջակցում է Հայաստանի ջանքերին՝ կանխարգելելու և հաղթահարելու խտրականությունը համապարփակ օրենսդրական շրջանակի միջոցով։ Սակայն աջակցությանը զուգահեռ հնչում են նաև կոնկրետ պահանջներ, որոնք կարող են Հայաստանում հարուցել բուռն քաղաքական ու հանրային արձագանք։
Առավել զգայուն հատվածը վերաբերում է պաշտպանվող հիմքերի ցանկին։ Եվրոպայի խորհուրդը համարում է, որ օրենքում պետք է անմիջապես նշվեն սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը և սեռական հատկանիշները, որպեսզի հետագայում դրանց շուրջ իրավական երկիմաստություն չմնա։ Այս շեշտադրումը վկայում է, որ միջազգային կառույցները հարցը դիտարկում են առաջին հերթին մարդու իրավունքների և իրավական որոշակիության հարթության վրա, մինչդեռ Հայաստանի ներսում այն կարող է արագ վերածվել արժեքային և քաղաքական հակադրության թեմայի։
Նամակում տեղ է գտել նաև մեկ այլ կարևոր առաջարկ՝ քաղաքացիական հասարակության կառույցներին իրավունք տալ ներգրավվել հակախտրական գործերում նույնիսկ այն դեպքերում, երբ կոնկրետ տուժողի անուն չի նշվում։ Սա կարող է էապես ընդլայնել նման վեճերի շրջանակը և բարձրացնել հասարակական կազմակերպությունների դերը իրավական գործընթացներում։
Զուգահեռաբար հանձնակատարը պնդում է, որ ատելության խոսքի դեմ պայքարը պետք է դուրս գա միայն քրեական իրավունքի սահմաններից և ներառի նաև այլ ոլորտներ, այդ թվում առցանց միջավայրում բովանդակության արագ հեռացման հարցը։
Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայկական իշխանությունները պաշտոնապես արդեն հաստատել են՝ նախագիծը մշակման փուլից տեղափոխվել է ներքին համաձայնեցման և ինստիտուցիոնալ ձևավորման փուլ։ Կառավարության պատասխանում նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լիազորությունները նախատեսվում է ընդլայնել հակախտրական քաղաքականության շրջանակում։ Այդ պատճառով առաջիկա քննարկումները, ըստ ամենայնի, կենտրոնանալու են ոչ միայն օրենքի բովանդակության, այլև այն հարցի վրա, թե ինչ ձևով է Հայաստանը համադրելու միջազգային հանձնառություններն ու ներքին հանրային զգայունությունը։