Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քազըմ Գյունդողանի հեղինակած «Ալևիացած հայերը․ մենք ենթակա ենք Քրիստոսին, պարտական՝ Ալիին» գրքում ներկայացված են 72 դերսիմահայի և 12 դերսիմցի ալևիի պատմությունները։
Մյուժգան Հալիս
«Այրընթը» հրատարակչատունը լույս է ընծայել Քազըմ Գյունդողանի «Ալևիացված հայերը․ մենք ենթակա ենք Քրիստոսին, պարտական՝ Ալիին» գիրքը։
72 դերսիմահայի և 12 դերսիմցի ալևիի պատմությունները ներկայացնող սույն գիրքը ինչ-որ առումով պատասխանում է Յուսուֆ Հալաչօղլուի՝ տարիներ առաջ հայտարարած այն թեզին, թե «Ալևի քրդերը հայ են»։
Գրքի հեղինակը նշում է, որ հայ ժողովուրդը Դերսիմի շրջանի ամենահին ժողովուրդներից մեկն է, և որ թեև ալևիացված հայեր կան, սակայն ցեղապաշտական է այն մոտեցումը, թե բոլոր քուրդ ալևիները հայ են։
«Դուք սիրու՞մ եք պատմություններ լսել։ Ես շատ եմ սիրում։ Սակայն այն վայրերում, որտեղ ապրում ենք, ուրախ, հանգիստ պատմություններից առավել հանդիպում են տրավմաներով լեցուն, վիրավոր պատմություններ։ Ինձ էլ բաժին են հասել հիմնականում գաղտնի պահված, արգելված և վերքերով լի այդ պատմությունները, որ լսում, ժողովում, ներկայացնում և կրում եմ․․․»։
Դերսիմին նվիրված իր ֆիլմով և գրքերով հայտնի Քազըմ Գյունդողանը հենց այդ խոսքերով է սկսում «Ալևիացված հայերը․ մենք ենթակա ենք Քրիստոսին, պարտական՝ Ալիին» վերնագրով իր գիրքը և մեզ ներկայացնում այն պատմությունները, որոնց բացած վերքերը դեռ արյունահոսում են՝ չնայած 100-ամյա վաղեմությանը։
Պատմություն ասելով՝ հանկարծ հորինված չկարծեք․ բոլորն էլ իրապես տեղի ունեցած և ներկայում էլ շարունակվող պատմություններ են։
Գյունդողանը այդ պատմություններին հետամուտ լինելու իր ցանկությունն էլ բացատրում է իր մանկության հուշերով․
«Եթե բազմաթիվ գյուղերում եկեղեցու և վանքի ավերակներով կամ էլ հայկական անուններով հիշատակվող դաշտերով, գետակներով, լեռնագագաթներով լի մի տարածաշրջանում եք ծնվել ու մեծացել, եթե թեման բացվելու դեպքում դեռևս ներկայացվող հայկական պատմություններ եք լսում, եթե ամեն մի գերեզմանաքարի տակ, եկեղեցու պատի ներսում գանձ (հայկական ոսկի) գտնելու մարմաջով տառապող դրանք նորից ու նորից ավիրող, կողոպտող անձանցից «գանձի մասին լեգենդներ» եք ունկնդրում, եթե կուշտ եք «ասում են, թե այս կողմերում հնում հայեր են եղել, մինչև իսկ՝ այսինչի տատիկը հայ է եղել» տիպի պատմություններից, ապա ձեր գործը հաստատ բարդ է, և չեք ապաքինվի»։
Գյունդողանը հայտնելով, որ պաշտոնական պատմագրությունը հիմնականում հիմնվում է այդ դեպքերի մեջ մեղավորների ներկայացրածի վրա, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նմանատիպ պատմագրության մեջ ոչ մի զոհի պատմություն չի ընդգրկված, և որ «Մենք ենթակա ենք Քրիստոսին, պարտական՝ Ալիին» գիրքն իրականում զոհերի պատմությունն է, ապա՝ հավելում․
«Հանցագործները իրենց քաղաքականությունը և գործած ոճիրները գրանցում են արձանագրությունների, զեկույցների և նամակների միջոցով, որոնք պատասխանատուների մեխանիզմների կողմից արխիվայնացվում են և տարիներ անց, որպես «պատմական փաստաթուղթ» կամ «պատմության արխիվ», ներկայացվում հանրության դատին։ Բազմաթիվ պատմաբանների՝ կեղտոտ և մութ պատմություն գրելու ընթացքում օգտագործած «փաստաթղթերը» մեծավ մասամբ հենց դրանցից են կազմված, պատմաբաններ, որոնք աշխատում են իսկական պետական պաշտոնյաների նման։ Պաշտոնական պատմագրության ներկայացուցիչները երբեք զոհերի պատմություններին տեղ չեն տալիս, քանզի նրանց պարտավորեցրել են շարադրել տիրապետող, սպանող ազգի պատմությունը»։
Գյունդողանը հույս հայտնելով, որ իր նոր գիրքը, մասնատված տեղական հիշողությունը կարկատելով, կնպաստի իրականությանը հասնելու գիտակցության և առերեսվելու մշակույթի զարգացմանը, հավելում է, որ ցեղապաշտական-շովինիստական շրջանակների կողմից թե՛ հայերի և թե՛ ալևի/ղզլբաշների հանդեպ ատելությունը հնարավորինս հրահրելու նպատակով բարձրաձայնվող այն հիվանդագին հայտարարությունը, թե «Դերսիմցիների մեծ մասը կրոնափոխ հայեր են», ևս ատելություն է պարունակում։
Գյունդողանը նաև նշում է, թե ինքը չափազանց վիճահարույց և խնդրահարույց է համարում նաև որոշ հայերի այն արտահայտությունը, թե «Դերսիմցիների մեծ մասը հայկական արմատներ ունի», հայեր, ովքեր կատարված Ցեղասպանության հետևանքով ամենուրեք հայկական ծագում որոնելու մարմաջով են տառապում։
Գյունդողանը հայտնում է, որ թեև 1915 թ․ Դերսիմում եղել են Ցեղասպանությանն անմիջականորեն մասնակցած և պետության կողքին կանգնած մի քանի աշիրեթներ, սակայն դերսիմցիների մեծ մասն իր հին հարևան հայերին պետությանը չի հանձնել և այլ շրջաններից իրենցից ապաստան խնդրած հայերին էլ թաքցրել է։ Գյունդողանը միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այնուամենայնիվ դերսիմցիները ևս միատարր չեն եղել, և նրանց մեջ հանդիպել են այնպիսիք, ովքեր ամոթալի արարքներ են գործել։
«Մորս գերեզմանի վրա բետոն եմ լցրել, որ ալևիներն աճյունը չհանեն»
Այն ամոթալի պատմություններից մեկն էլ, որոնց մասին խոսում է Գյունդողանը, պատմել է Մուրադ Դեմիրը։
«Գերմանիայում ապրող դերսիմահայերից Մուրադ Դեմիրի՝ գրքում բավականին մեծ տեղ գրաված պատմության ամենաուշագրավ հատվածներից մեկն էլ վերաբերում է իր մոր գերեզմանին, ավելի ճիշտ՝ իր մոր՝ տարիներ առաջ հողին հանձնված աճյունին։
Դեմիրն իր այդ վախի մասին պատմում է․
Երբ մայրս մահացավ, փոքր էի, հորս ասացի՝ «Մամայիս եկեղեցու մի անկյունում թաղենք»։
Եկեղեցում թաղեցինք մայրիկիս․․․ 1967 թ․ գնացի, 50 սմ բարձրությամբ բետոն արեցի վրան, որ ալևիներն աճյունը չհանեն։
Ալևիները/քրդերը վերացրել են մեր բոլոր սրբավայրերը, ինչ է թե՝ «ոսկի են գտնելու»։ Թո՛ղ չմարսեն իրենց արածը․․․
Եկեղեցու քարերը քանդելով, գերեզմանաքարերը հավաքելով՝ դրանցով նախակրթարան են կառուցել այնտեղ։ Այդ դպրոցն էլ է քանդվել․․․ Չարը վաղ թե ուշ իր պատիժը ստանում է»։
Քազըմ Գյունդողանը մատնանշում է, որ Դերսիմում հայերի հանդեպ խտրականության հիմնական պատճառը ունեցվածքի հարցն է․
«Զըմեք գյուղում մի ալևի ինձ տված հարցազրույցում պատմեց․ «1938 թ․ հետո այնտեղ մնացած մի քանի հայ ընտանիքներ կային, որոնք շատ ընդարձակ հողատարածքներ ունեին, նրանց տներն ամենամեծն էին գյուղում։ 1938 թ․ հետո, երբ նրանք եկան, նրանց եկեղեցին դեռ կանգուն էր։ Մի օր տղաս վազելով եկավ, ասաց, որ հորեղբայր Հակոբը պատի տակ լաց է լինում։ Վազեցի, հասա նրան։ Մեր շատ լավ բարեկամն էր։ Հարցրեցի՝ «Հակո՛բ, ի՞նչ է քեզ պատահել, ինչու՞ ես լալիս»։ Ասաց՝ «Տե՛ս, եկեղեցին քանդու՜մ են»։ Ես էլ ասացի՝ «Հակո՛բ, դրա մեջ ի՞նչ արտասվելու բան կա, արդեն իսկ քանդված է այդ եկեղեցին, այնտեղ չեք կարողանում կրոնական արարողություններ կատարել, բացի այդ, դու ալևի ես դարձել»։ Ինձ շրջվեց, ասաց՝ «Եթե Խըզըրի տունը քանդեն, դու չե՞ս լացի»։
Քազըմ Գյունդողանը նշում է, որ այդ դեպքից հետո Հակոբն անհետացել է և ամենայն հավանականությամբ իրեն գետը գցելով՝ ինքնասպան եղել․
«Հայերն իրենց պատկանած հողերի մշակներն են դարձել, և ամենայն հավանականությամբ դա կամավոր կերպով չեն արել, չէ՞։ Խելք ու խիղճ ունեցող ամեն մարդ պետք է այդ դրությունը, այդ անցումը մեկնաբանի։ Ալևի են դառնում, փիրը գալիս է, նվիրատվություն են անում, թլպատվում են, բայց երբ երեխաները վիճաբանում են, նրանց ստորացնում են՝ ‘Dole Hermeni, Çene Hermeni’, այսինքն՝ «Հայի վիժվածք» ասելով։ Նրանց մի մասը պատմում է, որ մանուկ հասակում չի իմացել իր հայ լինելու մասին և նման ստորացումների ենթարկվելիս է տեղեկացել»։
«Հայի վիժվածք» խոսքը լսելով՝ իմացա, որ հայ եմ
Դերսիմահայերից Տիգրան Գյոզը, որ քահանայի թոռ է, հենց նման հայերից մեկն է։
Գյոզը ծնվում է 1938 թ․, Անթալիայում, աքսորյալի ընտանիքում։ Երբ նա մի քանի օրեկան, դեռ խանձարուրի երեխա էր, ընտանիքը Դերսիմի ճամփան է բռնում՝ արմատներին վերադառնալու նպատակով։
Ընտանիքը փորձում է Դերսիմում պահպանել իր ծագումը։ Սակայն «Հայի վիժվածք» խոսքով մարմնացած «տեղական չարիքի» պատճառով չի դիմանում, և Տիգրանն ստիպված է լինում մեկ անգամ ևս պոկվել իր հայրենի հողերից։
Նա նշում է, որ թեև իրենք չեն դիմացել Դերսիմում, սակայն Դերսիմն իր մայր հայրենիքն է համարում, միայն այնտեղ է ազատ շունչ քաշում և ցանկանում է ամեն պատեհ առիթի վերադառնալ։ Տիգրանը ներկայացնում է այն խտրականությունը, որին ենթարկվել են․
«Մեզ «Հայի վիժվածք» էին ասում, ծեծում, հայհոյում․․․ Հասարակության մեջ առանձնացնում և ստորացնում էին մեզ։ Երբ երեխա էինք, չգիտեինք՝ ինչ է հայը, երբ մեզ «Հայի վիժվածք» էին ասում, մի տեսակ էինք լինում, որովհետև տեղյակ չէինք․․․ Մեր մեծերը մեզ չէին պատմում։ 1950-60-ական թվականներից առաջ մեր մեծերը չէին խոսում այդ թեմայով։ Նրանք մտավախություն ունեին, թե «Եթե մենք խոսենք, սրանք կգնան, դրսում կասեն, մի զինվոր կամ պետական պաշտոնյա կլսի․․․ Դրանից հետո մեր ընտանիքը կվերացնեն»։ Այդպես գաղտնի են միշտ ապրել»։
Տիգրան Գյոզն ասում է, որ դրա պատճառով միշտ ապրել են երկու քարի արանքում լինելու զգացումով․
«Մեր կրոնական արարողությունների ժամանակ կարծես երկու քարի արանքում լինեինք։ Ալևիականության հետ կապված բաներ էինք անում, սակայն չէինք կարողանում մեր իսկական, հայկական հավատքը դավանել․․․ Քանզի մեր հայկական մշակույթն ու հավատքը չկարողացանք պահպանել։ Մորիցս ու հորիցս հետո երեխաներին հայկական անուններ չեն տրվել․․․»։
Տարիներ առաջ Ֆրանսիայում հաստատված Տիգրան Գյոզը նշում է, թե թեև ինքն իր կյանքի մայրամուտին է հասել, սակայն ինքն էլ, իր բոլոր երեխաները մկրտվել են և իրենց համար հայկական անուններ ընտրել․
«Երբ մկրտվեցի, խաղաղվեցի, ինձ ապահով զգացի, նկատեցի, որ մարդու նման եմ ապրում։ Այնինչ, մինչ այդ օրը ինձ երկու քարի արանքում էի զգում։ Ինչպես է ծովի քարը ալիքների պատճառով մեկ ափ դուրս գալիս, մեկ ջուրը մտնում, հենց նույն կերպ էի ինձ զգում, դատարկության մեջ․․․ Ես հորս անունը վերցրեցի՝ Տիգրան, բայց անձնագրումս դեռևս չեմ փոխել, դատարան եմ դիմելու․․․ Զավակներս էլ ֆրանսիական անձնագրեր են ստացել, իրենց անունները փոխել։ Իսմայիլը դարձել է Սամվել, Գյուվենը՝ Ալեն, Ումութը՝ Արսեն, իսկ աղջկա անունն էլ Աննա դրեցինք»։
Քազըմ Գյունդաղանի հետ զրույցի ժամանակ մեր ուշադրությունը գրավեց նաև այն փաստը, որ հայերի և ալևիների միջև ամուսնություններն սկսել են կնքվել 1915 թ․ և դրանից հետո։ Դրանից առաջ այս երկու ժողովուրդների միջև ամուսնական հարաբերություններ չեն գրանցվել։
Գյունդողանն այսպես է մեկնաբանում դրա պատճառը․
«Նկատելի է, որ հայ-ալևիական ամուսնություններն ամենաշատը սկսել են կնքվել աքսորի ժամանակ։ Տեղահանության տարիներին, երբ հայ աղջիկները հասունացած են լինում, նախ հայ էին որոնում, որպեսզի սուննիների հետ չամուսնանային, մինչև իսկ պատահում էր, որ իրենց աղջկան տարեց մարդու էին տալիս, ինչ է թե հայ է։ Սակայն երբ հայ չէր գտնվում, ամուսնացնում էին ալևիների հետ։ Երբ նորմալ վիճակ էր, նրանց միջև երբեք ամուսնություններ չեն կնքվել։ Այսինքն՝ Ցեղասպանությունից առաջ։ Ո՛չ ալևիներն էին հայերին աղջիկ տալիս, ո՛չ էլ՝ հակառակը։ Սակայն Ցեղասպանությունից հետո, երբ հայ բնակչություն չէր մնացել, սկսել են ալևիների հետ ամուսնանալ։ Սկզբնական շրջանում ալևիներն էլ չեն ցանկացել նման ամուսնություններ կնքել, այդ ժամանակ գործին փիրերն են խառնվել, նրանք ասել են՝ այս մարդիկ այլևս մեր կարիքն ունեն, և խաղաղ ճանապարհով հարցը լուծել են։ Շատ հայերից եմ հետևյալ խոսքը լսել՝ «Մենք աշիրեթ չունեինք, անարմատ էինք, անտեր։ 1968 թ․ հետո հեղափոխական կազմակերպությունները մեր աշիրեթները դարձան»։
Տան պատին թե՛ խաչ կա, թե՛ Ալիի նկարը
Սըթքը Սոնարը, որի այն ուշագրավ խոսքը, թե «Մենք ենթակա ենք Քրիստոսին, բայց պարտական ենք նաև Սուրբ Ալիին» որպես գրքի վերնագիր է ընտրված, ծնվել է մի հայի և ալևիի ամուսնությունից։ Մայրը Բահթիյար աշիրեթից է, իսկ հայրը՝ հայ։
Թեև նա ապրել է իսկական ալևիի նման, չնայած որ չի մոռանա այն վատ ժամանակները, երբ ապրում էր որպես հայ, հավատում է, որ հայերի ժամանակն անցել։
Բայց և այնպես իր պատից թե՛ խաչ է կախված, թե՛ Սուրբ Ալիի պատկերը։
Սոնարը այս խոսքերով է բացատրում այդ վիճակը․
«Հայերի ժամանակաշրջանն անցել է․ նրանք չեն մնացել։ ‘Nu Hermeniyu’ («Սա հայ է»),-ասում էին մի ժամանակ։ Երբ աշխատում էինք, ոմանք մեր գումարը չէին տալիս։ Ասում էին՝ «Չկա՛»։ Ես էլ ասում էի՝ «Եթե չկա, ինձ իրեր տուր»։
Չէին անում, ծիծաղում էին․․․ Եթե դու ընկար, վատ էր լինում, եթե մենք ընկանք՝ անտեր էինք․․․ Տա Աստված՝ ոչ ոք չընկնի։ Եկեղեցի էի գնում, բայց ի՜նչ եկեղեցի։ Սակայն հիմա ավերակ ու դատարկ է, գնամ` ի՞նչ անեմ։ Ես հայերեն բոլորովին չգիտեմ․․․ Հայրս գիտեր, բայց վախենում էր խոսել։ Ես հայ եմ, բայց ալևի եմ դարձել։ Մեր բոլոր ավանդույթներն ալևիական են, մայրս էլ Բահթիյար աշիրեթից է արդեն իսկ։ Երեխաներս Ստամբուլում են․․․ Բոլորն էլ ալևիների հետ են ամուսնացած․․․ Մեր տան պատից մի խաչ է կախված, որ գտնվում է Սուրբ Ալիի նկարի հենց կողքին։ ՄԵնք ենթակա ենք Խաչին/Քրիստոսին, բայց նաև պարտական՝ Ալիին․․․»։
Քազըմ Գյունդողանը հայտնում է, որ տարեց հայերն իրենց զավակներին չեն փոխանցել իրենց ապրած հոգեցնցումը, իսկ դրա պատճառն էլ, ըստ նրա, այն փաստն է, որ իրենք 2 ցեղասպանություն տեսած հանրություն էին․
«Դեռ 1915 թ․ վերքերը չսպիացած՝ ապրեցին նաև 1938-ը։ Հասարակությունը վախի մեջ էր, կորցրել էր կամքը։ Օրինակ՝ եթե Դերսիմում որևէ մեկը թույլ է լինում, չի կռվում, նրան ասում են՝ «Ինչու՞ ես հայի նման փախչում»։ Ճիշտ այնպես, ինչպես «Հայի ունեցվացք» արտահայտությունը, այդ խոսքը ևս տարածված է Դերսիմում։ Դրա համար էլ հայերը ո՛չ հավատքն են կարողացել պահել, ոչ էլ՝ կրոնը»։
Գյունդողանը, երբ 1938 թ․ 14-15 տարեկան եղած մի հայ կնոջ հարցրել է, թե նա ինչու՞ է մայրենի լեզուն մոռացել, այս պատասխանն է ստացել․ «Ա՜խ, որդիս, երբ դուք՝ ալևիներդ, հետ վերադարձաք, այստեղ ձեր արմատները կային, Դյուզգյուն Բաբա (Դերսիմի ալևիների դիցաբանական հերոսներից մեկը, որի անունով Դերսիմում կա սար։ Նրա վրա նշվում է համանուն տոնը-Մ․Ա․), Մունզուր Բաբա (դարձյալ լեգենդար կերպար, որը կրում է Մնձուր գետի անունը-Մ․Ա․), ունեիք։ Նրանց ապավինելով՝ ձեր հավատքը պահպանեցիք։ Իսկ մե՞նք ինչ ունեինք։ Ո՛չ եկեղեցիներ ունեինք, ո՛չ քահանաներ, ո՛չ էլ որևէ մեկը, որ գեթ մեկ հայկական բառ իմանար։ Մեր արմատը կտրեցին, ինչպե՞ս հայերեն խոսենք, ինչպե՞ս ծիսական արարողություններ անենք»։
«Մի՛ մոռացիր, մի՛ մոռացիր․․․»
Գյունդողանը հավելում է, թե որոշ հայ մեծեր էլ շատ ցավոտ են թոռներին փոխանցել իրենց ապրած հոգեցնցումը (տրավման), և որ իրեն ամենաշատը հուզած պատմությունը դերսիմահայ Մուսա Թեյհանիի ներկայացրածն է եղել, որի մանրամասներն ունկնդրելիս չի կարողացել իր արցունքները զսպել՝ դրա սարսափելի մանրամասնությունները լսելով։
Գրքում Մուսա Թեյհանին պատմում է իր պապի ապրած 1915-ը․
«Սյուլեյման պապս խոշոր, հաղթանդամ մարդ էր։ Երբ ինձ գառնուկների, ուլիկների մոտ էր ուղարկում, իր այդ խոշոր ձեռքերով գլուխս մամլիչի նման սեղմելով և ճզմելով՝ ինձ ‘Tırko, Tırko’ («Թուրք, թուրք») էր ասում։ Ցանկանում էր ինձ զգացնել տալ, թե ինչ ցավեր և չարիքներ են թուրքերը պատճառել, և որ այդ զգացումը մնայուն դառնար իմ մեջ․․․ Զազայերենով ասում էր ‘Hovirameke, Hovirameke!’ («Մի՜ մոռացիր, մի՜ մոռացիր»)… Դա ինձ ցավ պատճառելով էր անում․․․ Դա ահավո՜ր բան էր․․․ Ես հայերի հանդեպ կատարվածը հիշում և ընկալում եմ հենց այն ցավով ու խոսքով, որ ինձ ասում էր պապս՝ գլուխս ճզմելով․․․
Թեհանին նշելով, որ իր ընտանիքն ալևիականություն է ընդունել 1900-ականների սկզբներին, հավելում է․ «Ասել են՝ կա՛մ մուսուլման դարձեք, կա՛մ ալևի, կա՛մ էլ ձեզ կվերացնենք։ Մերոնք էլ հանուն ողջ մնալու, այլ ոչ թե՝ սեփական կամքով ալևիականություն են ընդունել»։
Իր պապի պատմությունն արտասվելով ներկայացրած Թեյհանին ասում է․ «Դերսիմում հայերին նախ աքսորել են, ապա՝ ստրկացրել։
Իսկ մեզ (նկատի ունի ալևիներին-Մ․Ա․) թուրքերը պահպանել են որպես նրանց ձիերը, ախոռները, գործերը հսկող մշակ, ստրուկ․․․ Մեզ պահել են ոչ թե նրա համար, որ սիրել են մեզ, այլ՝ նրանց հողագործ բանվոր է պետք եղել․․․ Ցավալի է ասել, բայց աղաները, ցանկության դեպքում, կարողացել են իրենց մշակի ընտանիքին, կնոջը տանել իրենց տուն և օգտագործել, ապա բերել ու թողել․․․ Հայերը ոչ մի բան չունեին այսինքն․․․ Օրինակ՝ երբ պապս վարուցանքի ժամանակ հետ մնալով՝ չի կարողացել գործը հասցնել կամ քիչ է այն արել, դագանակով նրա մեջքին են հարվածել՝ «Արագացրու՛» ասելով։ Նա երեկոյան արնաշաղախ տուն է եկել․․․ Որոշ դերսիմցիներ ասում են՝ «Մենք պաշտպանել ենք հայերին»։ Միգուցե նրանց շրջանում հումանիստ մարդիկ էլ են հանդիպել, և հայերին պաշտպանածներ եղել են իհարկե, բայց ես հետևյալն եմ հասկացել․ նրանք դա արել են՝ բացառապես հայերին ստրկացնելու, աշխատեցնելու համար։ Հայերը բոլորը մշակ էին։ Կներե՛ք, բայց դա չի արվել հանուն պաշտպանության․․․»։
Սակայն Թեյհանիից տարբեր մտածողներ էլ կան։ Նրանցից մեկն էլ Հըդըր Բոզթաշն է, որ կարծում է, թե ալևիականությունը և ալևիները լավն են․
«Մեր մեծերը, չնայած որ հայ ենք, կամավոր ընտրել են ալևիականությունը։ Փիրին էլ են կամավոր ընդունել։ Փիրերը դեռ գալիս-գնում են մեզ մոտ։ Մենք սիրում ենք թե՛ փիրին և թե՛ ռայբերին։ Հավատում ենք 12 իմամներին, Խըզըրին, Կաղանդին, եռօրյա պաս պահում։ Հայրս երբեք չէր պատմում հայկական քրիստոնեական պահքի, հավատքի մասին, միայն մայրս էր խոսում։ Միրաքյան աշիրեթում հայերի մեծ մասն ալևի է դարձել։ Չգիտեմ՝ սուննի դարձածներ կան, թե չէ։ Երբևի չեմ լսել, որ նամազ անողներ լինեն նրանց մեջ։ Էլազիգում (Խարբերդ-Մ․Ա․) սուննի թուրքական գյուղերում ապրող և մուսուլման դարձած հայեր էլ կան։ Նրանք մուսուլման են դարձել, բայց և այնպես, խտրականությունն ու վիրավորանքը շատ է այնտեղ։ Սակայն ալևիների մեջ ապրող հայերը նրանց չափ խնդիրների չեն հանդիպում։ Նրանց և ալևիների միջև շատ տարբերություններ կան։ Ալևիները լավն են։
Ինչ վերաբերում է Քայա Յըլդըրըմին, ապա նա կարծում է, որ հնարավոր է թե հայ լինել, թե՝ ալևի։ Ըստ նրա՝ ազգությունը չի փոխվում, իսկ հավատքն ամեն պահի կարող է փոխվել․
«Պատրիարքարանն ասում է․ «Եթե հայ ես, ապա անպայման պետք է քրիստոնյա լինես։ Մինչ օրս որպես ալևի ապրած հայերը վերջերս ստիպված են լինում մկրտվել (Նման հարկադրանք գոյություն չունի-Մ․Ա․)։ Ինչու՞ ստիպված լինեն։ Ես երկուսն էլ մերժում եմ։ Ես Ալլահին հավատարմությունս որպես պաշտամունք եմ ընդունում։ Կարևոր չէ, թե որ լեզվով ես աղոթում»։
«Նրանք ասում են՝ մեր հայրենի հողը Դերսիմն է»
Վերջին խոսքը տանք Քազըմ Գյունդողանին։ Գյունդողանը նշելով, որ եթե սկզբում իր կատարած ուսումնասիրությունները պետության հետ հաշիվ մաքրելու նպատակն էին հետապնդում, ապա վերջին աշխատանքը հասարակության հետ առերեսվելու գիրք է, նաև ուշադրություն է հրավիրում դերսիմահայերի էական տարբերության վրա․
«Նրանք բոլորն էլ հպարտանում են, որ դերսիմցի են, ասում են՝ մեր հայրենի հողը Դերսիմն է։ Կան հայեր, ովքեր նաև շեշտում են, թե որտեղ էլ որևէ դերսիմցի կամ ալևի տեսնեն, կհուզվեն։ Քանզի պատմության մեջ բացասական բաների հետ մեկտեղ դրական բաներ էլ են տեղի ունեցել։ Կան այնպիսիք, որոնք ընդգծում են՝ եթե մենք ողջ ենք, հենց՝ դերսիմցիների շնորհիվ։ Կան հայեր, որ այդ երախտագիտության զգացումը չեն մոռանում։ Իրապես էլ, եթե Դերսիմը Ցեղասպանության ժամանակ պետության հետ համագործակցած լիներ, հայերը լիովին կվերանային, կարող է ոչ մի հայ չմնար։
Լա՛վ, իսկ հիմա Դերսիմում քանի՞ հայ կա
Գյունդողանը նշում է, որ հնարավոր չէ այդ հարցին սպառիչ պատասխան տալ։ Քանզի այստեղ կան թե բացահայտ կերպով իրենց հայ լինելն ընդունող մարդիկ և թե դեռ չընդունողներ։ Նրա խոսքով՝ տեղյակ ենք, որ վերջին 10-15 տարվա մեջ ինչպես որ եղել են հայությունն իրենց շրջապատում ընդունած, իրենց ինքնությունը զավակներին փոխանցած հայեր, այնպես էլ՝ արմատները թաքցրածներ։ Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ վերջին տարիներին իրենց ինքնությունը հանգիստ կերպով ընդունողներ էլ կան։
Լա՛վ, իսկ գլոբալիզացիայի և սահմանները վերացնելու մասին խոսույթի տարածման այս դարաշրջանում հայկական ինքնության ընդունումը, երիտասարդների, հարցին ծնողներից տարբեր վերաբերվելով, մկրտվելը առերեսմա՞ն հետևանք է։
Գյունդողանն նշում է, թե հարստության համաշխարհայնացումը ճնշվածների համար հնարավորություններ չի ստեղծում, դրա համար տեղայնացումն առաջնային պլան է մղվում, սակայն դա կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել․
«Հարստության համաշխարհայնացման հնարավորությունները ճնշվածների տեսանկյունից առավելություն չի տվել։ Երբ այդպես եղավ, ինքնապահպանման համար այն իր հետ բերեց ինքնությանն ու հնին վերադարձ, հենասյան ստեղծում և դեպի էթնիկական-կրոնական ինքնություն լուրջ ճամփորդություն։ Դա միևնույն ժամանակ Թուրքիայի նման երկրներում մինչ այժմ ինքնությունների ժխտման դեմ հակազդեցություն էր։ Դրա համար մարդկանց այդ ճամփորդությունը դեռ շարունակվում է։ Սակայն այդ ճամփորդության մեջ վտանգավոր բան էլ կա։ Մի կողմից դա հրահրող իմպերիալիստական ուժերի մասին է խոսքը։ Քանզի նրանք մտածում են, թե ինչքան որ կարողանան հանրությունը մասնատել, այնքան հանգիստ կկառավարեն այն։
Սակայն, մյուս կողմից էլ, ինչ է թե նման բան կա, դա դեռ չի նշանակում, որ մարդիկ իրենք ինքնությանը չպետք է տեր կանգնեն։ Այստեղ էլ կարծում եմ, որ հարկ է միկրոազգայնականությանն ուշադրություն դարձնել, քանի որ ազգայնականությունից դեպի ցեղապաշտություն մի քայլ է։ Յուրաքանչյուր մարդու՝ իր արմատներին տեր կանգնելը մայրական կաթի նման՝ նրա բնական իրավունքն է, բայց երբ այդ ինքնության կառուցման ընթացքում այլ ինքնություններ են սկսում կործանվել, այլ ազգությունների հանդեպ ատելություն և ուրիշների ինքնության նկատմամբ արհարամարհանք են սկսում տածել, այդժամ դա խնդիր է դառնում։ Ամեն մի մարդ իրավունք ունի իր արմատներին տեր կանգնել, և հարկ է համատեղ ապրելու մշակույթ ստեղծել։
Աղբյուր՝ «Ինդիփենդենթի» թուրքական ծառայություն
Թուրքերենից թարգմանեց Մելինե Անումյանը