կարևոր
763 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-15 14:22
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը․ Նաթան Սրբազան

Ամեն պարագային եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սրբազանը նշեց, որ ժողովը դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ եպիսկոպոսները քննարկելու են զանազան հարցեր։

«Որևէ մեկը չի կարող արգելք լինել մեր եպիսկոպոսներին՝ որևէ տեղ հավաքվելու, և նույնիսկ ոչ միայն հավաք, այլև Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Եպիսկոպոսաց ժողով անելու, այդ մտացածին, այդ ցնորամիտ բաները, որ Հայաստանից դուրս չի կարող լինել Եպիսկոպոսաց ժողով, պարզապես օդի մեջ գցած խոսքեր են, զարմանում եմ, որ ամեն անգամ մի խումբ ապիկարներ ուզում են  մեր ժողովրդին տկարամիտի ու հիմարի տեղ դնել, բայց մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ ամենը»,- նշեց Նաթան Սրբազանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։