Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ եւ Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով:
Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Սերովբե եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ անդրադառնալով Գերմանիայում Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի եւ հայոց թեմի միջեւ ձեւավորված գործակցությանը եւ տեղեկացնելով Հայոց Եկեղեցու հետ հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամության մասին:
Այնուհետեւ այցի առիթով իր գոհունակությունը հայտնեց Հայոց Հովվապետը` ուրախությամբ արձանագրելով Հայաստանյայց Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա սերտ կապերը եւ համագործակցության լայն եւ բովանդակալից ընդգրկումը: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Մայր Աթոռը համագործակցում է Կաթոլիկ Եկեղեցու տարբեր կառույցների եւ Գերմանիայի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին ցուցաբերվող այն աջակցության համար, որի շնորհիվ Մայր Աթոռի մի շարք միաբաններ հնարավարություն են ունեցել եւ այսօր էլ շարունակում են իրենց աստվածաբանական բարձրագույն կրթությունը ստանալ Գերմանիայի կաթոլիկ համալսարաններում:
Իր հերթին Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ եւ Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի ատենապետ եւ Մյունխենի արքեպիսկոպոս Ռայնհարդ Մարքսի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ֆայգե եպիսկոպոսը կարեւորեց երկու Եկեղեցիների փոխհարաբերությունների խորացումն ու զարգացումը տարբեր ոլորտներում: Վերջինս փաստեց, որ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եւ Հայոց թեմի միջեւ բարեկամական կապերը շարունակ սերտանում եւ ամրապնդվում են:
Սրբազան Հայրը, անդրադառնալով նաեւ Հայոց Ցեղասպանության սոսկալի ոճրագործությանը, Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ներկայացրեց Հայոց Եկեղեցու վերջին տասնամյակների ձեռքբերումները հոգեւորականների պատրաստության, քրիստոնեական դաստիարակության, Եկեղեցու սոցիալական ծառայության եւ եկեղեցաշինության ոլորտներում, պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին վանական կյանքի վերականգնմանը եւ հասարակության մեջ Ավետարանի քարոզչությանը:
Առաջիկա օրերին պատվիրակությունը կայցելի Հայոց Եկեղեցու զանազան կառույցներ` ծանոթանալով Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությանը, կլինի Հայաստանի մի շարք սրբավայրերում: