|
Փոխարժեքներ
14 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
«Շիրակի մարզում երիտասարդների զբաղվածության խնդիրը հասել է այն սահմանագծին, երբ այլևս հնարավոր չէ սահմանափակվել ընդհանուր բնույթի հայտարարություններով։ Մենք գործ ունենք համակարգային ճգնաժամի հետ, որը վտանգում է մարզի ժողովրդագրական, տնտեսական և ազգային անվտանգային կայունությունը։ Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է ոչ թե ժամանակավոր դժվարության, այլ համակարգային բացթողումների մասին։
Տարածքային զարգացումը չի կարող լինել ընտրովի կամ ցուցադրական։ Պետությունը պարտավոր է հավասար հնարավորությունների միջավայր ապահովել ոչ միայն մայրաքաղաքում, այլև յուրաքանչյուր մարզում։ Երբ երիտասարդն իր հայրենի մարզում չի տեսնում մասնագիտական իրացման, արժանապատիվ աշխատանքի և կայուն ապագայի հնարավորություն, դա արդեն քաղաքական պատասխանատվության խնդիր է։
Այսօր երիտասարդների զբաղվածության հարցը դարձել է այն առանցքային կետը, որտեղ խաչվում են սոցիալական արդարության, տնտեսական զարգացման և ազգային անվտանգության շահերը։
Եթե մենք չենք ցանկանում, որ Շիրակը դառնա ծերացող բնակչությամբ և դատարկվող համայնքներով մարզ, ապա պետք է անցնենք կոնկրետ, չափելի և համարձակ քայլերի։
1. Շիրակի մարզում հատուկ տնտեսական ռեժիմ
Անհրաժեշտ է ստեղծել մարզային հատուկ տնտեսական գոտի, որտեղ գործարարներին կտրամադրվեն՝
-եկամտահարկի և շահութահարկի ժամանակավոր զեղչեր,
-ներդրումային սուբսիդիաներ,
-արագացված վարչարարական ընթացակարգեր։
Պետությունը պետք է գիտակցի, որ մարզային զարգացումը հավասար պայմանների հարց չէ․ մարզերին անհրաժեշտ են արտոնյալ պայմաններ։
2. Երիտասարդների համար պետական երաշխավորված առաջին աշխատանք
Պետք է ներդնել ծրագիր, ըստ որի՝ Շիրակի մարզում գործող ընկերությունները երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելու դեպքում մեկ տարի ստանան պետական համաֆինանսավորում աշխատավարձի մի մասի համար։
Այս քայլը՝
-կնվազեցնի գործատուի ռիսկերը,
-կապահովի երիտասարդի մասնագիտական փորձ,
-կստեղծի աշխատաշուկայի ներգրավվածության իրական մեխանիզմ։
3. Բարձր տեխնոլոգիաների և հեռավար աշխատանքի կենտրոններ
Շիրակը կարող է դառնալ տեխնոլոգիական հանգույց՝ եթե պետությունը՝
-ստեղծի պետական աջակցությամբ IT և ինժեներական հաբ,
-ապահովի համաֆինանսավորվող ստարտափ ֆոնդ,
-խրախուսի հեռավար աշխատանքի միջազգային պայմանագրերը։
Այսօր աշխարհը փոխվել է․ աշխատանքը պարտադիր չէ կենտրոնացված լինի մայրաքաղաքում։
4. Երիտասարդ ընտանիքների բնակարանային խթանում
Եթե ցանկանում ենք երիտասարդը մնա մարզում, նա պետք է ունենա բնակարան ձեռք բերելու իրատեսական հնարավորություն։
Առաջարկում եմ՝
-մարզում բնակարան ձեռք բերող երիտասարդ ընտանիքների համար մինչև 7% սուբսիդավորված հիփոթեք,
-պետական համաֆինանսավորում առաջին կանխավճարի մասով,
-համայնքային հողերի տրամադրում մատչելի պայմաններով։
Բնակարանային ապահովվածությունը ուղղակիորեն կապված է մարզում մնալու որոշման հետ։
5. Երիտասարդ ձեռնարկատերերի հատուկ հիմնադրամ
Պետք է ստեղծել Շիրակի մարզի երիտասարդ ձեռնարկատերերի զարգացման հիմնադրամ՝
-մինչև 15 մլն դրամ անտոկոս կամ ցածր տոկոսով վարկերով,
-պարտադիր բիզնես մենթորությամբ,
-շուկայի հասանելիության աջակցությամբ։
Պետությունը չպետք է վախենա ներդնել իր երիտասարդների մեջ․ դա ծախս չէ, դա ներդրում է ապագայի մեջ։
6. Զինվորական ծառայությունից վերադարձող երիտասարդների վերաինտեգրում
Շիրակի մարզում հատուկ ծրագրեր պետք է գործեն բանակից վերադարձող երիտասարդների համար՝
-մասնագիտական վերապատրաստում,
-արագացված բիզնես դրամաշնորհներ,
-պետական և համայնքային կառույցներում առաջնահերթ աշխատանքի հնարավորություն։
Պետությունը պարտավոր է երաշխավորել, որ հայրենիքի պաշտպանությունից վերադարձող երիտասարդը չմնա անորոշության մեջ։
Շիրակի մարզի երիտասարդների զբաղվածության հարցը պետք է դառնա ազգային օրակարգի առաջնային կետ։
Կառավարությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ երիտասարդը ոչ թե մտածի՝ ինչպես հեռանալ, այլ վստահորեն որոշի՝ մնալ, ստեղծել և զարգացնել իր հայրենի մարզում։
Շիրակը պետք է դառնա լայն հնարավորություններ ունեցող մարզ։
Եվ դա հնարավոր է միայն իրական քաղաքական կամքի և պատասխանատու պետական կառավարման պայմաններում»։