|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը կալանավայրից
«Փառք Քեզ Աստված, փառք քեզ,
Ամեն բանի համար փառք Քեզ»...
Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության մեծ խորհուրդը:
Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և Հաղթանակի իրականացման բարեմաղթանքներս ենք հղում մաղթելով և աղոթելով, որ Աստվածորդու Ծննդյան հրաշքով նոր կյանքի և Հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի 2026 թվականին մեր կյանքից հեռացնելով չարիքը` իր բոլոր դրսևորումներով, սուտը, կեղծիքը, ատելությունը, թշնամությունը, պարտությունը, վախը, ուրացումը, դավաճանությունը, դավադիր հոգին, անարդարությունը, և մեր կյանքում հաստատվեն ճշմարտությունը, արդարությունը, ազատությունը,
պատիվը, հավատարմությունը, նվիրումը, արիությունը, հաշտությունը, սերը և հաղթանակը, այն բոլորը, ինչ Աստծունն է և բարի է:
Ամբողջ 2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ է'լ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան` կարևոր իմաստով, որն օծված է մեր Տիրոջ պատգամով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը... ուրախացե'ք և ցնծացե'ք» (Մատթ. 5:11-12), և «նրանք, ովքեր հույսը Տիրոջ վրա են դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն սուրբ լեռը» (Եսայի 57:13):
Թող 2026-ը լինի համախմբումի, անձնականից անանձնական մեկ նպատակով, մեկ հայացքով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով և մեկ հաղթանակով` Հայաստանի և հայության, մեր Սուրբ Եկեղեցու, արդարության, ճշմարտության և պատվի հաղթանակով օրհնված տարի, և թող Իր Սուրբ Ծննդյան հրաշքով «Հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15:13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13:12)...
Դեպի Ազատագրում և Հաղթանակ...
Բարի Ամանոր և Սուրբ Ծննդյան օրհնություն
Քրիստոս Ծնաւ և Յայտնեցաւ
Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի
Բագրատ արք. Գալստանյան
Արշակ արք. Խաչատրյան
05.01.2026