կարևոր
829 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-03 18:51
Աշխարհ

Գազայում նոր զոհերի թիվը գերազանցել է 40-ը, սովից մահացածների թիվը հասել է 367-ի

Գազայում նոր զոհերի թիվը գերազանցել է 40-ը, սովից մահացածների թիվը հասել է 367-ի

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 3-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 41 պաղեստինցի, որոնցից 30-ը՝ Գազա քաղաքում: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը շուրջ երեք շաբաթվա ընթացքում Գազա քաղաքի թաղամասերում պայթեցրել են մոտ 100 ականապատ ռոբոտ։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 6 մարդ է մահացել։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 367-ի, որոնցից 131-ը երեխաներ են։ 

Բացի այդ, իսրայելական ուժերը քանդող մեքենաների ուղեկցությամբ ներխուժել են Արևմտյան ափին գտնվող Դուրա քաղաք, ինչպես նաև Նաբլուս քաղաքի Բալատա ճամբար։

Միևնույն ժամանակ տեղեկություններ են տարածվել, որ Իսրայելի Սդե Թեյման բանտից ազատ արձակված ինը բանտարկյալներ ժամանել են Գազա։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) խոսնակ Հիշամ Մուհաննան մեկնաբանել է բանտարկյալների ազատ արձակումը։

«ԿԽՄԿ-ի թիմերն այսօր նպաստել են ինը պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակմանը և նրանց Քերեմ Շալոմի անցակետից տեղափոխել են ալ-Ակսայի նահատակների հիվանդանոց», - նշել է պաշտոնյան։

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն անդրադարձել է Գազայի աղետալի իրավիճակին։

«Մենք աշխատում ենք Գազայում հրադադարի, օգնության հոսքի, բանտարկյալների ազատ արձակման և երկու պետությունների բանաձևով կարգավորմանն ուղղված խաղաղության ծրագրի իրականացման ուղղությամբ», - նշել է նա խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 63 746-ի, վիրավորվել է  161 245 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ Շուրջ 50 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ. նրանցից միայն 20-ն է ողջ համարվում։