կարևոր
685 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-02 20:55
Հասարակություն

Միքայել Սրբազանի դեմ մեղադրանքը ոչ միայն անհիմն է այլ նաև անօրինական․ փաստաբան

Միքայել Սրբազանի դեմ մեղադրանքը ոչ միայն անհիմն է այլ նաև անօրինական․ փաստաբան

Գործ չունենք զուտ իրավական գործընթացի հետ, հակառակը՝ ականատեսն ենք քաղաքական անթաքույց հետապնդման։ Քրեական գործի նպատակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իր մտքերի համար պատժելն է, իսկ խոսքը՝ լռեցնելը։ Պետությունն իր ողջ  գործիքակազմով՝ իրավական, քաղաքական՝ ներգրավված է այս պատժիչ գործընթացում։ Այս մասին եզրափակիչ ելույթում ասաց Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի անդամ Ռոման Ահարոնյանը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ընթանում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։

 Գործը, հիշեցնենք, ավարտական փուլում է։ Դատարանն ընդամենը 20 օրում ավարտել է  հիմնական դատալսումների փուլը և այժմ գտնվում  է եզրափակիչ ելույթների փուլում։ Հանրային մեղադրողը նախորդ դատական նիստում միջնորդել է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին՝ ներկայացված մեղադրանքում։ Պաշտպանության կողմն արդարացում է պահանջում։ Նախորդ նիստում եզրափակչ ելույթ է ունեցել պաշտպան Երեմ Սարգսյանը, իսկ այսօր նախատեսված է մյուս պաշտպանների եզրափակիչ ելույթները։
Պաշտպան Ռոման Ահարոնյանը եզրափակիչ ելույթում ընդգծեց՝ դատական համակարգը չպետք է կախյալ լինի քաղաքական իշխանությունից, իշխանավորներն անցողիկ են, մինչդեռ, դատական ակտերը, որոնք տարածվում են պետության անունից, մնայուն են։

«Այսօր կանգնած ենք արդարադատության փորձության առջև։ Մենք կապացուցենք, որ այս հետապնդումը զուրկ է իրավական հիմքերից և իրականում ծառայում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Այս դահլիճում մենք ոչ միայն պաշտպանում ենք Միքայել Սրբազանի՝ ազատ խոսքն ու արդարության իրավունքը, այլև՝ ստիպված ենք պաշտպանելու տրամաբանությունն ու ողջախոհությունը»,- նշեց փաստաբան Ռոման Ահարոնյանը։

Պաշտպանը ճառում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ  պետությունը՝ ի դեմս դատախազության՝ մեղադրանքը դատարանում հիմնավելու խնդիր չի տեսել, պաշտպանը պնդում է՝ դատարանը պետք է արդարացման դատական ակտ կայացնի՝ մի քանի հիմքով։ Ահարոնյանի խոսքով՝ մեղադրանքը փուչ է, անհիմն, կազմված է խոսքերի մանիպուլյացիաների հիման վրա, նկարագրված փաստակազմը չի համապատասխանում հանցակազմի հատկանիշներին, մեղադրանքն այնքան արհեստական է, որ ունի նույնիսկ մեղքին հակասություններ, իսկ բուն արարքի արտահայտությունը չի արտահայտում նույնիսկ հանցակազմի էությունը։ Արդարացում միջնորդեց նաև պաշտպան Հարութ Ակլունցը՝ արձանագրելով, որ մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլեւ՝ ապօրինի, անօրինական։ Պաշտպանը հիշեցրեց, որ Սրբազան Հոր մեղադրանքի հիմքում երկու տեսանյութ է, որտեղ Սրբազանը պատմում է, որ վերջին տարիներին նույն բանն է ասել՝ ռազմական հեղաշրջում է պետք՝ իշխանությունը փոխելու համար, իսկ երկրորդ տեսանյութում Սրբազանը նշել է, որ ինքը իշխանությունը զավթելու կոչ չի արել, պարզապես՝ կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել և ուժայինները պետք է փրկեն երկիրը։ Ակլունցը նկատեց, որ մեղադրանքն անհիմն է և Սրբազանը հետապնդման է ենթարկվում՝ բացառապես իր կարծիքն արտահայտելու համար։ Փաստաբանը, սակայն, կարևորեց, որ Սրբազանը շուրջ մեկ տարի առաջ դատախազությունը քննարկել էր Սրբազանի խոսքը՝ արձանագրելով, որ այդտեղ հանցանք չկա, հենց այդ պահից սկսած էլ պարզ դարձավ, որ Սրբազանի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև՝ ապօրինի, կամայական։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Սրբազան հորը մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում  իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։ Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։ Հատկանշական է մեկ հանգամանք ևս․ իրավապահները ոչ միայն, խախտելով անձի՝ նույն ենթադրյալ արարքի համար երկրորդ անգամ չդատվելու սկզբունքը հետապնդում են հարուցել տարիներ առաջ արված հայտարարության համար, այլև՝ քրեական գործի հարուցումից օրեր անց, առանց Սրբազանին ծանուցելու, հունիսի 26-ին նախ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկությունների, ապա՝ զինված ներխուժել են Վեհարան, որտեղ քահանայաց ժողով էր ընթանում՝ փորձելով «մասկի շոու» բեմադրել, ինչը չի հաջողվել, քանի որ Սրբազանն ինքնակամ է ներկայացել։