կարևոր
1210 դիտում, 16 ժամ առաջ - 2025-07-25 20:23
Հասարակություն

Արցախի հիմնահարցն այսօր նենգափոխում են, մոռացության վրա հիմնված խաղաղություն չի լինում․ Այվազյան

Արցախի հիմնահարցն այսօր նենգափոխում են, մոռացության վրա հիմնված խաղաղություն չի լինում․ Այվազյան

Արցախի հիմնահարցն այսօր նենգափոխում են, մոռացության վրա հիմնված խաղաղություն չի լինում: Այս մասին ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսի ժամանակ ասաց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:

Տեղի է ունենում «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը։ Հեղինակը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն է։ Երկհատորյակում վերլուծության են ենթարկվել Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացած քաղաքական բանակցությունները՝ դրանց պատմությունը, ընդունված որոշումները, ինչպես նաև ներկայացված կարգավորման տարբեր առաջարկները։ Աշխատությունն ընդգրկում է նաև համեմատական ակնարկներ այլ միջազգային հակամարտությունների կարգավորման փորձերից, ինչպես նաև դեպքեր ու իրադարձություններ, որոնք, թեև անմիջականորեն բանակցային գործընթացի մաս չեն կազմել, սակայն էական ազդեցություն են ունեցել դրա ընթացքի վրա։ Աշխատության առաջին հատորում ներկայացված է Արցախյան շարժամ ձևավորման ու Արցախի Հանրապետության կայացման փուլը, Արցախյան հակամարտության կարգավորման նախնական տարբերակները, ԵԱՀԿ-ի՝ որպես բանակցային հիմնական հարթակի ձևավորումը, ՄԱԿ ԱԽ բանաձևերը և հակամարտության կարգավորման ՔԻ Վեսթում քննարկված տարբերակը։

Երկրորդ հատորն ընդգրկում է 2002 – 2020 թթ. բանակցային գործընթացը։

Մանրամասն անդրադարձ է կատարվել Հիմնարար (Մադրիդյան) սկզբունքների, նորացված Մադրիդյան սկզբունքների, Կազանի փաստաթղթի, «Լավրովի պլան»-ի շուրջ ընթացող բանակցություններին, ինչպես նաև բանակցությունների տապալմանը։

Գիրքը նախատեսված է դիվանագետների, միջազգայնագետների, քաղաքական գործիչների, լրագրողների, ինչպես նաև Արցախի բանակցային գործընթացով հետաքրքրված բոլոր անձանց համար։ Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։

Ավելին՝ տեսանյութում: