կարևոր
925 դիտում, 19 ժամ առաջ - 2025-06-13 23:34
Աշխարհ

Իրանը սկսել է հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին

Իրանը սկսել է հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին

Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը ցուցադրել է իրանական հրթիռների կադրեր՝ գրելով. «Իրանի հրթիռային հարձակման սկիզբը»։

IRNA-ն հաղորդել է, որ «հարյուրավոր բալիստիկ հրթիռներ» են թռչում դեպի Իսրայել։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։

Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։

Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։