կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-26 14:38
Քաղաքական

Երկար պաշտպանվելը ձգված զսպանակի էֆեկտ ունի. Կոմանդոսն առաջարկում է Ադրբեջանին հարվածներ հասցնել

Երկար պաշտպանվելը ձգված զսպանակի էֆեկտ ունի. Կոմանդոսն առաջարկում է Ադրբեջանին հարվածներ հասցնել

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով տեղակայված են, մի կողմից, հայկական, մյուս կողմից' ադրբեջանական հենակետեր, կանգնած են հայ եւ ադրբեջանցի զինվորներ, եւ այդ զինվորները չեն ուզում պատերազմ, չեն ուզում դիմել մարտական գործողությունների ու զոհվել. այսօր լրագրողներին հայ-ադրբեւջանական սահմանին տիրող իրավիճակի ու լարվածության, ինչպես նաեւ պատերազմի վերսկսվելու հավանականության մասին իր տեսլականը ներկայացրեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը' Կոմանդոսը:

 

Ըստ գեներալի` Ադրբեջանի սահմանը պաշտպանում է ադրբեջանական բազմազգ բանակը, որը դեմ է պատերազմին: Բայց մյուս կողմից Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը' նախագահ Ալիեւը, պետք է ինչ-որ կերպ արդարացնի նավթադոլարների հոսքերը, իրենց հարստությունը եւ այլն, ու դրա համար նրանց պետք է անընդհատ շեշտը դնել արտաքին սպառնալիքի, պատերազմի պատրաստվելու, Արցախը հետ բերելու կոչերի վրա: Շեշտելով, թե Ադրբեջանի բանակն իրականում պատրաստ չէ պատերազմի, ինչը նշում են անգամ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի ռազմական փորձագետները, Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, որ Ալիեւին պետք է այլ քայլի դիմել, ու դրա համար Ադրբեջանը սահմանին լարվածություն է ստեղծում:

 

«Հունաստանում, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներում, նույն Թուրքիայում Ադրբեջանը պատրաստում է հատուկ ջոկատներ, որոնց մենք անվանում ենք դիվերսիոն-հետախուզական ջոկատներ, ու դրանք ուղարկում սահմանի ամբողջ երկայնքով' դիվերսիոն-հետախուզական գործողություններ իրականացնելու ու դրանով լարվածություն ստեղծելու համար»,- նշեց գեներալը եւ հավելեց, որ դրանով իսկ Ալիեւը արհեստական լարվածություն է ստեղծում նախ մեզ համար, երկրորդ` իր երկրի ներքին լսարանի համար բլեֆային պատկեր ստեղծելով, թե իբր ադրբեջանական բանակը մարտունակ է, անընդհատ գործում է եւ պատրաստ է պատերազմի:

 

Այս ամենից ելնելով` Կոմանդոսը ուշագրավ առաջարկություն արեց` ոչ թե նստել ու սպասել, թե երբ Ադրբեջանն ինքը կհարձակվի, այլ առաջինը հայկական կողմը պետք է դիմի նման գործողությունների, ինքը լարվածություն ստեղծի Ադրբեջանի համար' սահմանի ամբողջ երկայնքով:

 

«Մենք հիմա պաշտպանվում ենք, բայց դա երկար տեւել չի կարող: Երկար պաշտպանվելը ձգված զսպանակի էֆեկտ ունի, մի օր հակազդելու է: Ու մենք ինքներս պետք է սկսենք սահմանին լարվածություն ստեղծել' կետային հավածներ հասցնելով ադրբեջանական բանակին ու Ադրբեջանին, այլ ոչ թե նստենք ու սպասենք, թե երբ Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա, որ մենք էլ պաշտպանվենք: Առաջարկում եմ պարզ հարվածներ հասցնել Ադրբեջանին: Այսպես շարունակվել չի կարող»,- առաջարկեց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

 

Գեներալի խոսքերով' Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Հայաստանի շուրջ ստեղծված շրջափակման օղակը պետք է ճեղքվի, իսկ Հայաստանի ու ԼՂՀ-ի աշխարհագրական դիրքն ու բնական պայմանները' հիմնականում ցածրադիր ադրբեջանական տարածքի նկատմամբ ունեցած բարձրադիր լեռնային իշխող դիրքերը, պետք է օգտագործել ու նկատի ունենալ, որ, մի քիչ ճնշում գործադրելով, կարելի է հասնել մինչեւ Ռուսաստանի հետ սահմանին...

 

Լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ արձագանք դա կառաջացնի միջազգային հանրության շրջանում, եւ արդյո՞ք նրա այդ առաջարկից հետո Հայաստանին չեն մեղադրի ագրեսոր լինելու մեջ, Արկադի Տեր-Թադեւոսյանը մեկ այլ ուշագրավ պատասխան տվեց: Նա նշեց, որ ամեն օր մեր պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե, օրինակ, ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 400 անգամ, իսկ մենք 10 կամ 50, իսկ ադրբեջանական կողմը ընդհանրապես հայտարարում է, թե հայկական կողմն է միշտ հրադադարի ռեժիմը խախտում, իսկ ԵԱՀԿ-ն վերջում միշտ հավասարության նշան է դնում այդ խախտումների միջեւ` երկու կողմերին մեղադրելով հրադադարի խախտման համար: Շեշտելով, թե ԵԱՀԿ-ն չխառնվելու քաղաքականություն է վարում, խնդրի կարգավորոմը թողնելով հակամարտության կողմերին, Տեր-Թադեւոսյանը նշեց, որ այդ առումով կապ չունի, թե ով է առաջինը հարված հասցնում, միեւնույն է` երկուսին էլ վերջում մեղադրում են:

 

«Ես առաջարկում եմ նկատի ունենալ, որ մի օր պետք է ճեղքենք Հայաստանի հանդեպ կիրառվող բլոկադան, ինչպես նաեւ միջազգային հանրությանը կհասկացնենք, որ չի կարելի, որ Ադրբեջանը մեզ միշտ լարվածության մեջ պահի, որ չի կարելի մեզ վրա մշտապես հարձակվել: Դա թուլացնում է մեզ, մշտական վախի մթնոլորտ է ստեղծում, թե հենց հիմա Ադրբեջանը կարող է հարձակվել մեզ վրա, թե կարող է սադրել, թե ուժեղ է, հարուստ է եւ այլն, իսկ մենք սահմանափակվում ենք միայն պաշտպանվելով»,- նշեց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

 

Հայաստանին ագրեսոր ճանաչելու վտանգի մասին էլ Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, թե ինքը չի առաջարկում պատերազմ կամ լայնածավալ մարտական գործողություններ, այլ ընդամենը, որ պարզ, կետային հարվածներով, ինչպես Ադրբեջանն է անում, մենք լարվածություն ստեղծենք Ադրբեջանի համար:

 

Ինչ վերաբերում է օգոստոսի սկզբին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հարաբերական անդորրի հաստատման վերաբերյալ` լրագրողների դիտարկմանը, ապա գեներալը նշեց, թե ճիշտն է, այդ հանդիպումից հետո լարվածությունը փոքր-ինչ թուլացավ, բայց հետագայում ավելի է մեծանալու, որովհետեւ Ադրբեջանին ձեռնտու է սահմանին միշտ լարվածություն ստեղծելը, դա նրանց քաղաքականությունն է: