կարևոր
2155 դիտում, 4 շաբաթ առաջ - 2025-05-22 18:37
Աշխարհ

Հարգանքի տուրք Շառլ Ազնավուրին. «La Bohème» դիտահարթակի բացումը Մոնմարտրում

Հարգանքի տուրք Շառլ Ազնավուրին. «La Bohème» դիտահարթակի բացումը Մոնմարտրում

Շառլ Ազնավուրի ծննդյան խորհրդանշական այս օրը «Ազնավուր» հիմնադրամն ուրախությամբ հայտնում է Փարիզի Մոնմարտր թաղամասում «La Bohème» դիտահարթակի բացման մասին: Հանրային այս նոր տարածքի ստեղծումը հարգանքի տուրք է Ֆրանսիայի մեծագույն երաժշտական ​​և մշակութային գործիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ժառանգությանը։

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին Մոնմարտր թաղամասի Սեն-Վենսան և դը լա Բոն փողոցների խաչմերուկում՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի, Փարիզի փոխքաղաքապետեր Կարին Ռոլանի և Լորանս Պատրիսի, Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետ Էրիկ ԼեԺուենդրի, Շառլ Ազնավուրի որդի՝ Միշա Ազնավուրի և հրավիրված այլ հյուրերի ներկայությամբ։

Ազնավուրի ամենասիրված երգերից մեկի անունով անվանակոչված «La Bohème» դիտահարթակը տեղակայված է Մոնմարտրի բարձունքում, թաղամաս, որը վաղուց է դարձել նկարիչների, գրողների և արվեստի այլ սիրահարների կենսակերպի անբաժան մասը։ Այս խորհրդանշական վայրը հարգանքի տուրք է մատուցում Շառլ Ազնավուրի անցած ստեղծագործական ուղուն՝ լի խոչընդոտներով, վայրիվերումներով և, ի վերջո, անվերապահ հաղթանակով ու ճանաչմամբ։

Այս միջոցառմանն անցյալ տարի նախորդել էր մեկ այլ կարևոր իրադարձություն՝ Ելիսեյան դաշտերի կենտրոնական այգիների մի հատվածի վերանվանումը Շառլ Ազնավուրի անվամբ: «Շառլ Ազնավուր» այգին գտնվում է Փարիզի սրտում՝ Երևանի այգու, Հայաստանի էսպլանադի և Կոմիտասի արձանի հարևանությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ազնավուրի ամուր կապը միաժամանակ Ֆրանսիայի և հայկական ինքնության հետ։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Ավելի քան 85 տարվա իր կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը ձայնագրել է 1400 երգ 9 լեզվով, թողարկել 91 ալբոմ և վաճառել ավելի քան 200 միլիոն ձայնագրություն։ Արվեստի ոլորտում իր նշանակալի ներդրմանը զուգընթաց, նա ակտիվորեն աջակցել է մարդասիրական նախաձեռնություններին՝ մեծաքանակ ծրագրեր իրականացնելով մասնավորապես Հայաստանում։ Նրա ժառանգությունը շարունակում է ապրել իր երգերի և «Ազնավուր» հիմնադրամի աշխատանքի միջոցով։