կարևոր
955 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-22 12:24
Աշխարհ

ԱՄԷ-ի ընկերությունը վերահսկողության տակ է վերցնում Սիրիայի Տարտուս նավահանգիստը. ի՞նչ է հաջորդելու

ԱՄԷ-ի ընկերությունը վերահսկողության տակ է վերցնում Սիրիայի Տարտուս նավահանգիստը. ի՞նչ է հաջորդելու
Մայիսի 16-ին, մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակավ որոշեց չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները, Դամասկոսի իշխանությունները ստորագրեցին նշանակալի համաձայնագիր Արաբական Միացյալ Էմիրությունների լոգիստիկ օպերատորի հետ Միջերկրածովյան Տարտուս նավահանգստի զարգացման վերաբերյալ: «Ես կհրամայեմ չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները, որպեսզի նրան բարգավաճման հնարավորություն տամ», – խոստացել է Սպիտակ տան տերը մայիսի 13-ին Էր Ռիադում կայացած ներդրումային համաժողովում՝ Պարսից ծոցի երկրներ իր շրջագայության սկզբում: Նույն տեղում՝ Սաուդյան Արաբիայում, թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի ներկայությամբ (Թուրքիայի նախագահ Էրդողանը նրանց միացել է տեսակապով), Թրամփը հանդիպել է «ժամանակավոր նախագահ» ահմեդ աշ-շարայի հետ, որի հետախուզման օրդերը գրել էր ընդամենը մի քանի տարի առաջ։ Մայիսի 15-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատեց «Կեսարի ակտից» բացառւոթյունների նախապատրաստումը, որոնք թույլ են տալիս ճանապարհ բացել նպատակային ներդրումների համար, որտեղ դա անհրաժեշտ է քաղաքացիական ենթակառուցվածքների եւ տնտեսական կայունացման համար:

Սիրիայի ցամաքային եւ ծովային նավահնգիստների գլխավոր վարչութայն հայտարարության համաձայն՝ Դուբայում գործող DP World միջազգային նավահանգստային ընկերության (Dubai World էմիրաթական ներդրումային ընկերության դուստր ձեռնարկություն) հետ ստորագրվել է 800 միլիոն դոլարի հուշագիր՝ բազմաֆունկցիոնալ նավահանգստային տերմինալ կառուցելու, կառավարելու եւ շահագործելու վերաբերյալ. «Այս քայլը նշանավորում է ռազմավարական տեղաշարժ, որը կնպաստի նավահանգստի արդյունավետության բարելավմանը, դրա հզորութոյւնների մեծացմանը եւ տարածաշրջանային եւ միջազգային առեւտրի հիմնական հանգույցի դերի բարձրացմանը»։  ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է՝ համաձայնագրի նպատակն է լինելու նավահանգստի արդյունավետւոթյան բարձրացումը, նրա գործառնական հնարավորությունների մեծացումը եւ նրա դերի բարձրացւմը որպես տարածաշրջանային եւ միջազգային առեւտրի առանցքային հանգույց: Կողմերը նաեւ պայմանավորվել են համագործակցել արդյունաբերական գոտիների եւ ազատ գոտիների ստեղծման հարցում, բացի «չոր» նավահանգիստներից եւ բեռների տարանցման կայաններից, ինչը ճանապարհ կբացի ներդրումների ավելացման համար եւ կօգնի ամրապնդել Սիրիայի տնտեսական ներկայությունը միջազգային եւ տարածաշրջանային առեւտրային կապերի քարտեզում: Խոսքը, այդ թվում, երկրի ներքին շրջանների մասին է, այդ թվում՝ «դեմոկրատական ուժերի» եւ Զաեւֆրաթիայի քրդական ինքնավար վարչակազմի կողմից վերահսկվող շրջանների։

Ըստ Al Monitor հրատարակության բարեհաճ գնահատականների՝ ստորագրված «փոխըմբռնման հուշագիրը կարեւոր հանգրվան է Սիրիայի համար, քանի որ նրա նոր ղեկավարությունը փորձում է վերականգնել տնտեսությունը, որը տուժել է 14-ամյա քաղաքացիական պատերազմից, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ավելի քան տասնամյա պատժամիջոցներից, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մեկուսացումից»: Սիրիայի տնտեսական մեկուսաց ումը եւ քաղաքացիական պատերազմը հանգեցրել են ավելի քան 500 միլիարդ դոլար արժողությամբ կորուստների, մինչդեռ համախառն ներքին արդյունքը նվազել է ավելի քան 85 %-ով։ 2023 թ-ի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տվյալներով՝ այս անկման պատճառով արաբական երկրի բնակչության գրեթե 90% - ը, որը կազմում է 25 միլիոն մարդ, հայտնվել է աղքատության շեմից ցածր: Համաշխարհային բանկի գնահատականներով՝ վերականգնման ծախսերը կգերազանցեն 250 մլրդ դոլարը։

Ապրիլին ԱՄԷ-ի նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանը հայտնել էր իր երկրի պատրատակամությունը՝ աջակցելու Սիրիային վերականգնման գործում: Ապրիլին Աբու Դաբիում շարաայի հետ կարեւոր հանդիպման ժամանակ ԱՄԷ-ի առաջնորդն ընդգծել է «անցումային շրջանի մարտահրավերներին դիմակայելու եւ Սիրիան վերականգնելու անհրաժեշտությունն այնպես, որ այն համպատասխանի իր ժողովրդի ձգտումներին դեպի ապագա, որը լի է անվտանգությամբ, կայունությամբ եւ բարգավաճմամբ»:DP World-ի հետ փոխըմբռնման հուշագիրը Սիրիայի նոր կառավարության կողմից կնքված խոշորագույնն է, սակայն դրա իրականացման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն: Ավելի վաղ՝ մայիսի 1-ին, նույն նավահանգստային վարչությունը կնքել էր 30 տարվա պայմանագիր՝ 230 միլիոն եվրոյի չափով (մոտ 257,6 միլիոն դոլար) ֆրանսիական CMA CGM ընկերության հետ, որը բեռնարկեղրի փոխադրման երրորդ խոշորագույն ընկերությունն է, Լաթաքիայում նավահանգստի զարգացման եւ շահագործման համար: Համաձայնագիրը ներառում է նաեւ բեռնաշրջանառությունը մեծացնելու համար նոր նավամատույցի կառուցման նախագիծ։ Հետաքրքիր է՝ CMA CGM-ի 24% - ը պատկանում է թուրքական Yildirim Holding ընկերությանը: Համաձայնագրի պայմաններով Սիրիան կպահպանի նավահանգստի եկամուտների 60%-ը, իսկ CMA CGM-ը կստանա 40%: Վերամշակվող տարաների ծավալի եւ քանակի ավելացման հետ մեկտեղ պետության մասնաբաժինը աստիճանաբար կավելանա մինչեւ 70%, նըդ որում՝ բոլոր գործառնական ծախսերը հոգալու է CMA CGM-ը:

Տարտուս նավահանգիստը Ռուսաստանի միակ ռազմածովային բազան է Միջերկրական ծովում։ 2024 թ-ի վերջին «Ասադի ռեժիմի» անկումն անորոշություն առաջացրեց Սիրիայում ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ։ Հունվարին Դամասկոսի նոր իշխանությունները խզել են 2019 թ-ին ռուսական «Ստրոյտրանսգազ» ինժեներական ընկերության հետ կնքված պայմանագիրը նավահանգստի արդիականացման եւ կառավարման վերաբերյալ 49 տարով: Լրագրող Դմիտրի Բորիսենկոն, վկայակոչելով սեփական աղբյուրները, պնդում է՝ սիրիական իշխանությունները ռուսական ընկերութայն հետ պայմանագրի խզումը բացատրել են դրա իրականացման առումով որեւէ շարժման բացակայությամբ. Ավելի վաղ ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը գրել էր այն մասին, որ իրականում Stroytransgaz-ը նավահանգստում չի ներդրել «հայտարարված գումարների նույնիսկ տասներորդ մասը», իսկ դրա կառավարումն իրականացվել է ձեւականորեն. Սիրիայում Stroytransgaz-ի նախագծերը սերտորեն կապված էին տեղական էլիտաների, այդ թվում՝ գործարար Բարա Քաթերջիի հետ, որի ընկերությունը, իբր, համագործակցել է «Հըզբոլլահի» եւ Իրանի հետ, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծել ռուս ներդրողների համար եւ բարդացրել ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը (Քաթերջին սպանվել է 2024 թ-ի հուլիսին, ենթադրաբար, իսրայելական հատուկ ծառայությունների կողմից)։

2025 թ-ի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ-ն նավահանգստի կառավարման մասին ռուս-սիրիական համաձայնագրի չեղարկումը անվանել էր «զուտ տեխնիկական»։ Այս կարեւոր օբյեկտի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հույսը տաքացավ, բայց Պարսից ծոցի միապետությունները (հատկապես ամերիկյան պատժամիջոցների առաջիկա վերացման ֆոնին) շատ ակտիվորեն տրամադրվեցին Սիրիայի տնտեսական զարգացմանը, եւ նրանց առաջարկների հետ վիճելը շատ դժվար է։ DP World-ի ժամանումը Տարտուս կարող է փոխել ուժերի դասավորությունը՝ ոչ հօգուտ Ռուսաստանի Դաշնության, նպաստելով ԱՄԷ-ի դիրքերի ամրապնդմանը Միջերկրական ծովի առեւտրային երթուղիներում (Էմիրաթական շահերը տարածվում են միայն Միջերկրական ծովի վրա.մայիսի 14-ին DP World-ը հաստատեց՝ եւս 760 միլիոն դոլար կներդնի Դոմինիկյան Հանրապետության կառավարության հետ մեկ այլ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Կաուսեդո նավահանգստում, որտեղ ընկերությունը ներկա է 2003 թ-ից: DP World-ը նախատեսում է ավելացնել Կարիբյան կոնտեյներային նավահանգստի թողունակությունը 2,5 միլիոն TEU-ից մինչեւ 3,1 միլիոն TEU եւ զարգացնել ազատ առեւտրի գոտին):

Մեկնաբանելով Դամասկոսի կողմից նավահանգստի կառավարման մասին ներդրումային համաձայնագրի դադարեցման մասին հաղորդագրությունները՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Դամասկոսի հետ բոլոր արդիական հարցերի շուրջ շարունակական շփումների մասին: 2025 թ-ի հունվարին Դամասկոս այցելել Ռուսաստանի բարձր մակարդակի պատվիրակությունը, իսկ փետրվարի 12-ին տեղի է ունեցել «ժամանակավոր նախագահ» աշ-շարայի առաջին հեռախոսազրույցը Պուտինի հետ։ Ըստ Bloomberg-ի փետրվարի 17-ի հաղորդագրության՝ Ռուսաստանը մոտ է Սիրիայի նոր կառավարության հետ գործարքին, որը թույլ կտա նրան պահպանել ներկայությունը Տարտուսի եւ Հմեյմիմի ռազմաբազաներում (մայիսի 20-ի վաղ առավոտյան հինգ մահապարտ ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, Ուզբեկստանից են, արմատական խմբավորումների հետեւորդներ, որոնք չեն միացել երկրի նոր իշխանություններին, փորձել են ճեղքել Հմեյմիմ օդանավակայանի պահակակետերը, սակայն ոչնչացվել են ռազմակայանի պահպանության հանդիպակաց կրակով):

Մինչեւ վերջերս Դամասկոսում իշխանության եկած թուրքամետ ուժերը համարվում էին ալ քաիդա ահաբեկչական խմբավորման գաղափարախոսության հետեւորդները, սակայն, Թրամփի պահվածքը նույնպես վկայում է՝  նրանց մասին կարծիքը փոխվում է, նույնիսկ չնայած վերջին շրջանում ալեւիների, դրուզների եւ այլոց զանգվածային սպանություններին։

Սիրիայի իշխանությունները հայտարարել են՝ դեռեւս մտադիր չեն խզել Լաթաքիայում եւ Տարտուսում ռուս զինվորականների տեղակայման մասին համաձայնագրերը: Ինչեւէ, այժմ ռուսական դիվանագիտության համար հատկապես կարեւոր է պահպանել ռազմական բազաները Սիրիայում, որոնք ոչ պակաս կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն մերձավորարեւելյան, այլեւ Աֆրիկյան լոգիստիկայի համար:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի