կարևոր
1084 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-21 12:10
Քաղաքական

Ջոն Կիրակոսյանի ազգային գաղափարները, պետական միտքը երբևէ չեք գտնի Փաշինյանների, Միրզոյանների ու Ռուբինյանների մոտ

Ջոն Կիրակոսյանի ազգային գաղափարները, պետական միտքը երբևէ չեք գտնի Փաշինյանների, Միրզոյանների ու Ռուբինյանների մոտ

Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ» նախկին խմբագիր Կարեն Խանլարին գրում է․ 

«ՀՀ դիվանագիտության հատկապես վերջին տարիների կատարած քայլերից ու հայտարարություններից խիստ կասկած է առաջանում առ այն, որ ՀՀ դիվանագիտության այսօրյա պատասխանատուները, իրավահաջորդության կարգով, արժանի կրողներն են՝ Հայաստանի մեկդարյա դիվանագիտության թողած արժեքավոր ժառանգության գլխավոր գաղափարների, հիմնական խոսույթների, մտակեցվածքների, հոգեկերտվածքների և այլն․․․ Թե՞ Փաշինյանի ասածի պես «սեփական կետից» են սկսել, ոչ միայն բանակցային, այլև առհասարակ դիվանագիտության մյուս բոլոր պրոբլեմների լուծման տրամաբանությունը․․․ Սոսկալի է։

Օրինակ, վերցնենք պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանի (1929-1985թթ․) ուսանելի միտքը, որ նա հայտնել է իր բեղմնավոր, բայց ցավոք կարճ կյանքի վերջին ամիսներին․

«Այն, որ ներկայիս թուրքական պոլիտոլոգիան կեղծում է փաստերը և անտեսում հայ ժողովրդի շահերը, աղաղակող անարդարացիության մի ակտ է երկու ժողովուրդների միջև եղած հարաբերություններում և խիստ դատապարտման է արժանի միջազգային ընկերակցության կողմից․․․ Անկասկած է, որ դա կարող է որոշակի նախադրյալներ ստեղծել արդարացիորեն գնահատելու նաև հայոց գենոցիդի պրոբլեմը: Այդպիսով համաշխարհային ընկերակցությունը կհաստատի իր վճռականությունը պայքարելու այն բանի համար, որ Օսմանյան կայսրության՝ հայերի ցեղասպանության նման ոչ մի հանցագործություն անպատիժ չմնա:

«Սովետական Միության և Թուրքիայի միջև ներկայումս հաստատված հարաբերությունները խարսխված են երկու երկրների շահերը փոխադարձորեն հարգելու, փոխշահավետ համագործակցությունը երկուստեք զարգացնելու հիմքի վրա: Հարևան երկրների ու ժողովուրդների և Թուրքիայի ու թուրք ժողովրդի միջև բարենպաստ, գործարար հարաբերությունների ողջ կոմպլեքսի հաստատման պրոցեսի հետագա խորացմանը կարող էին մեծապես նպաստել անցյալից եկող և մեր օրերում էլ դեռ այդ հարաբերությունների վրա ստվեր նետող պատմական անարդարությունների օբյեկտիվ գնահատումը, դրանից արվող ճշմարիտ և անկանխակալ հետևությունները: Պատմության դասերը պետք է ծառայեն ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության զարգացմանը»։

(Կիրակոսյան Ջ., Միհրանյան Անդ., Անկարելի է մթագնել պատմության ճշմարտությունը, «Լենինյան ուղիով», Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտկոմի տեսական-քաղաքական ամսագիր, Երևան, 1985 ապրիլ, էջ 96)

Դեռ մի կողմ թողնենք դիվանագիտական տեքստի փայլուն լեքսիկոնը․․․ Ահավասիկ, Ջոն Կիրակոսյանի ազգային գաղափարները, պետական միտքը և սկզբունքային մոտեցումները երբևէ չեք գտնի Փաշինյանների, Միրզոյանների ու Ռուբինյանների հայտարարություններում, քանզի սա վերջիններիս մոտ ոչ միայն ընդունակության ու խորքայնության, այլև՝ հավատքի ու համոզումի բացակայության արգասիք է»։